Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին
13:18 - 07 օգոստոսի, 2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։

Այս մասին ասվում է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, որում նաև նշվում է, որ մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, ընդգծում են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։

«Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել այն մասին, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն արգելվել է՝ պատճառաբանելով, որ «կխանգարեն մյուսների հանգիստը»։  Ավելի ուշ քաղաքացին ուղղեց գրառումը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «Ջրաշխարհում», այլ «Ակվատեկում»։ 

ՄԻՊ-ը հայտնեց, որ Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:

Նշենք նաև, որ մինչ քաղաքացու՝ գրառումը ուղղելը, «Ջրաշխարհը» դեպքի վերաբերյալ պարզաբանում էր տարածել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել