Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել խորհրդի նախկին կազմը ներկակացնող երեխաների փորձի փոխանակում նոր անդամների հետ, ներկայացվել են խորհրդի առաքելությունը և նպատակները, վերջին 2 տարիների փորձը, մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների հետ երկխոսության ձևաչափով երեխաները քննարկել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների տեղակալներ, ԱԺ պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Պաշտպանը հատուկ կարևորել է նման ձևաչափով միջոցառման անցկացումը, երբ երեխաները կարող են պետական պաշտոնյաների հետ համատեղ քննարկել իրենց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, մասնակցել որոշումների կայացմանը:
«Ինձ համար մեծ պատիվ է հենց այս օրը ձեզ հետ անցկացնելը: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեզ համար ունի բացառիկ կարևորություն: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է նրանց մասնակցության իրավունքի ապահովումը: Մեր խորհրդի երեխաներն ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը, օրենսդրական նախագծերի ուսումնասիրությանը, անգամ ՄԻՊ տարբեր զեկույցների կազմման աշխատանքներում նրանք ունեցել են ակտիվ ներգրավվածություն»,- ասել է Պաշտպանը:
Երեխաների մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից Անահիտ Մանասյանը նշել է հատկապես Ժնև կատարած այցը:
«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Այցին ինձ հետ համատեղ մասնակցել են Խորհրդի անդամ երեխաները, որոնց դերակատարությունն այցին առանցքային էր: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»,- ասել Պաշտպանը:
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և այս ձևաչափով խորհրդի նիստի կազմակերպմանն աջակցելու համար:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ, և այն մասնակցության իրավունքն է։
«Մասնակցությունը կարևոր է թե՛ ընտանիքի, թե՛ դպրոցի, և թե՛ համայնքի համատեքստում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի աշխատանքը վերջին տարիներին մարմնավորել է այս գաղափարը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հպարտ է, որ իր ներդրումն է ունեցել խորհրդի ստեղծման գործում և պատրաստ է շարունակել աջակցել նոր անդամներին իրենց այս կարևոր գործում՝ զարգացնելու սերունդների միջև փոխըմբռնումը երեխաների համար ավելի լավ ապագա կերտելու գործում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Նիստի ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը հասարական խորհրդի անդամներին հանձնել է հավաստագրեր և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։
comment.count (0)