armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավապահ մարմինների աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը, որը վերջինս արտահայտել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշել է, որ տարբեր իրավասու մարմինների մոտ առկա է պրոֆեսիոնալիզմի, տարբեր հարցերի վերաբերյալ հմտությունների պակասի խնդիր, որի առնչությամբ ՄԻՊ-ն անընդհատ խոսել է:
«Ես անձամբ խնդիրներ տեսնում եմ։ Պետական իրավասու մարմիններին բազմիցս թե՛ գրավոր, թե՛ բանավոր ձևաչափով տեղեկացրել եմ տարբեր տեսակի խնդիրների մասին, եթե խոսքը հենց Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում ստացված տեղեկատվության մասին է»,-նշել է Մանասյանը։
Նրա խոսքով՝ խնդիրներն այն աստիճանի են հասել, որ ստիպված է եղել հարցերի հետ կապված հանդես գալ հրապարակավ հայտարարություններով:
«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ պետք է արձանագրեմ, որ մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց զգան որպես արտոնյալ։ Չպետք է լինեն քաղաքացիներ, որոնք չեն զգում, որ իրենց արժանապատվությունն ու իրավունքները հարգված են»,-շեշտել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՄԻՊ-ը խնդիրներ տեսնո՞ւմ է ուժային կառույցների աշխատանքում՝ Մանասյանը պատասխանել է․ «Պետական մարմինների գործունեության տարբեր խնդիրների ես պարբերաբար անդրադառնում եմ, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող խնդիրների, գործերի քննությանը վերաբերելի տարբեր հարցերի ու մի շարք այլ հանգամանքների, որոնք ունեն շատ արագ հասցեագրման անհրաժեշտություն»:
Անահիտ Մանասյանի դիտարկմամբ՝ ինքը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ կարող է խոսել իր մանդատի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական մեկնաբանություններից։
«Տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում եմ պրոֆեսիոնալիզմի, տարբեր հարցերի վերաբերյալ հմտությունների պակասի խնդիր, որի առնչությամբ անընդհատ խոսել եմ և հիմա էլ եմ խոսում ու արձանագրում: Կարծում եմ՝ խնդիրների մի մասը բխում է հենց այն հանգամանքից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ տարատեսակ ոլորտներում, և պետք է աշխատենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: Ես հիմա անհատական դեպքերի մասին չեմ խոսում, ես հիմա խոսում եմ համակարգերի մասին: Ինստիտուցիոնալ առումով խնդիրներ կան»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Նա կարծիք է հայտնել, որ համակարգային տեսանկյունից, իրականում, գրեթե բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր, այդ թվում՝ իրավական ոլորտում։
«Օրինակ՝ ինձ համար շատ մեծ խնդիր է, երբ իրավասու մարմիները անձնական տվյալների պաշտպանության հետ կապված իրենց պարտականությունն ընդհանրապես չեն պատկերացնում»,- ասել է ՄԻՊ-ը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտել իրավապահ մարմինների աշխատանքից՝ շեշտելով, որ հանրությունը պետք է տեսնի այն բարեփոխումների արդյունքները, որոնք արվել են իրավապահ համակարգում։ Վարչապետն ասել էր, որ արդյունքները տեսանելի չեն, իսկ իր համբերության բաժակն արդեն լցվել է։ Նիկոլ Փաշինյանը հավելել էր, որ այդ հարցով էլ խորհրդակցություններ էլ չի հրավիրելու, այլ կայացնելու է որոշումներ, քանի որ նույն կերպ չի կարող շարունակվել։
comment.count (0)