Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչներ թիրախավորվել է իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավոորապես, հայտնի էր դարձել «Amnesty International»-ի զեկույցի արդյունքում։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը միացել էր «Pegasus Project» նախաձեռնությանը, որը միավորում է քաղհասարակության և լրատվական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների: Նպատակը թվային անվտանգության ոլորտում գործող իսրայելական «NSO Group» ընկերության «Pegasus» և այլ լրտեսող ծրագրերի կիրառման բացահայտումն էր ու կանխումը:
2021 թվականի նոյեմբերին իսրայելական «NSO Group»-ը հայտնվեց ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար: Ամերիկյան կառավարության առնվազն մի քանի տասնյակ աշխատակիցների հեռախոսներ տասը երկրում թիրախավորել էին լրտեսող ծրագրերի միջոցով։
Ըստ «The Washington Post»-ի՝ սաուդցի հանգուցյալ լրագրող, պարբերականի սյունակագիր Ջամալ Խաշոգիի կինը՝ Հանան Էլատրը, վերջերս դատական հայց է ներկայացրել ընդդեմ «NSO Group»-ի, քանզի, ըստ Էլատրի, «Pegasus»-ն օգտագործվել իր հեռախոսը գաղտնալսելու ու նաև այդ միջոցով ամուսնու գործունեությանը հետևելու համար:
Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարության «սև ցուցակ»-ում են հայտնվել երկու այլ լրտեսող ծրագրեր ստեղծող ընկերություններ, ներառյալ՝ «Intellexa»-ն: Նման ցուցակում լինելը սահմանափակումներ է ենթադրում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ ըստ «Amnesty International»-ի՝ հայաստանյան սերվերային ենթակառուցվածքներում հայտնաբերվել էին «Predator» լրտեսող ծրագրի հետքեր։ Ծրագիրը մշակել է «Intellexa» ընկերությունը: Զեկույցը ներկայացրել էր անվտանգության գծով «Meta»-ի հետազոտողների կարծիքը, թե «Predator»-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն՝ հստակեցնելու, թե ում նկատմամբ և ինչ նպատակով է այն կիրառվել:
comment.count (0)