Մենք բավարար կամք ու հնարավորություններ ունենք՝ դաշինքի անդամ բոլոր պետություններին պաշտպանելու համար. Ստոլտենբերգը՝ ի պատասխան Թուրքիային |tert.am|
07:05 - 28 նոյեմբերի, 2019

Մենք բավարար կամք ու հնարավորություններ ունենք՝ դաշինքի անդամ բոլոր պետություններին պաշտպանելու համար. Ստոլտենբերգը՝ ի պատասխան Թուրքիային |tert.am|

tert.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իրենց դաշինքը բավարար կամք ու հնարավորություններ ունի, որպեսզի պաշտպանի դաշինքի անդամ բոլոր պետություններին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ստոլտենբերգն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ թուրքական իշխանությունները հրաժարվում են աջակցել մերձբալթյան երկրներին և Լեհաստանին «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքն իր աջակցությունը չի հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ տարվող ռազմական գործողություններին:

«Մենք ոչ միայն ծրագրեր ունենք, այլև ունենք կամք ու հնարավորություններ՝ պաշտպանելու մեր բոլոր դաշնակիցներին»,- ասել է Ստոլտենբերգը՝ միաժամանակ ընդգծելով, որ ներկայում ցանկություն չունի խորապես ներկայացնելու «ՆԱՏՕ-ի ներքին քննարկումները»:

Տվյալների համաձայն՝ Անկարան հանձնարարել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցչին չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում դաշինքը պարտավորվում է օգնություն ցուցաբերել Լեհաստանին, Էստոնիային, Լիտվային և Լատվիային Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներսում քննարկումների ժամանակ ճնշում գործադրել անդամ երկրների վրա, որպեսզի նրանք պաշտոնապես ահաբեկչական ճանաչեն «Քրդական աշխատավորական կուսակցությանը»:

Մերձբալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանության մասին ծրագիրը կազմվել է՝ ելնելով 2014 թվականին Ղրիմի միացումից Ռուսաստանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել