Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերությունները ֆինանսավորում չեն ստացել |shantnews.am|
05:12 - 27 նոյեմբերի, 2019

Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերությունները ֆինանսավորում չեն ստացել |shantnews.am|

shantnews.am։ Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրում ներգրավված շինընկերությունները ամառվանից ֆինանսավորում չեն ստացել։ Նախ ժամկետների ձգձգումների, ապա՝ թերությունների պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել։ Այս մասին քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խոսել են շինընկերությունների ղեկավարները։

Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին ավարտվում է, իսկ կատարողականները դեռ քաղաքապետարան չեն հասել։ Քաղաքապետը նշել է, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ տեխնիկական հսկողների դրական եզրակացությունը ստանալուց հետո, իսկ տեխհսկիչները նորից թերություններ են հայտնաբերել փողոցաշինական ծրագրում։

Յուրաքանչյուր շինընկերության կատարածը առանձին տեխհսկիչ է ստուգում: Փողոցաշինության առաջին փուլն արդեն ավարտվում է, բայց տեխհսկիչները դեռ թերություններ են հայտնաբերում: Դրանք վերաբերում են մասնավորապես հենասյուների տեղադրմանը, գծանշումներին ու կրկնակի կատարված ասֆալտապատմանը:

Տեխհսկիչները հաշվարկել են, որ արդեն 500 քառակուսի տարածք է կրկնակի ասֆալտապատվել: Կրկնակի աշխատանքներն արդեն շինընկերության հաշվին են, ինչի հնարավորություն այլևս չունեն: Շինընկերությունների ղեկավարները նշում են, որ հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում: Ամառվանից ֆինանսավորում չեն ստացել, գործն արել են, կատարողական չի ստորագրվել:

«Հունիս ամսից մինչև այսօր կատարողական չի ստորագրվել մեր մոտ: Մինչև հիմա փաստորեն ամբողջ ծրագիրը արել ենք, ծրագրի ընդհանուր գումարի 30 %-ից պակաս ենք ստացել: Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին փակվում է, ունենք ընդամնեը 15 օր ժամանակ: Պետք է ստորագրվի քաղաքապետարանի հսկիչների, մյուսների կողմից, որ կարողանանք աշխատողներին վճարել իրենց կատարած աշխատանքի դիմաց »,- ասել է «ԱԱԲ Պրոյեկտ» շինընկերության ղեկավար Արմեն Բադալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել