ԱԺԲ-ն շուրջօրյա ակցիաներ է սկսում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
22:44 - 24 օգոստոսի, 2023

ԱԺԲ-ն շուրջօրյա ակցիաներ է սկսում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ազատության հրապարակում ժամը 19։00-ից մեկնարկել է «Ազգային- ժողովրդավարական բևեռ»-ի բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ակցիայի մասնակցիները ելույթներից հետո քայլերթ  իրականացրին Սայաթ-Նովա պողոտայով։ «Ազգային- ժողովրդավարական բևեռ»-ի անդամները Ազատության հրապարակում գտնվող ոստիկաններին կոչ արեցին միանալ իրենց շարժմանը։

Ակցիայի կազմակերպիչները հայտնեցին, որ այսօրվանից սկսում են շուրջօրյա ակցիաներ և մնալու են հրապարակներում այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հեռացել։

Ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել Երևանի կենտրոնում։ Ոստիկանները պատ էին կազմել և փակել Մաշտոցի պողոտայի այն հատվածը, որտեղ ակցիայի մասնակիցներն էին։ 

Ավելի ուշ քաղաքացիները քայլերթով հասան Ֆրանսիայի հրապարակ։ ԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ իրենց ներկայացուցիչները գնում են բանակցելու ոստիկանների հետ, որպեսզի կարողանան մնալ հրապարակում և շարունակել իրենց ակցիան։

Ոստիկանները և ակցիայի մասնակցիները սկզբում չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, ոստիկանները առաջարկում էին ակցիան տեղափոխել Ազատության հրապարակ։

Այդուհանդերձ, րոպեներ անց Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ակցիան Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվում է Ազատության հրապարակ, որտեղ կկազմակերպվի գիշերակացը, եւ կքննարկվեն հետագա անելիքները։

Ակցիան դեռևս շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել