Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. Վահագն Խաչատուրյան
11:17 - 31 օգոստոսի, 2023

Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է.

«Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի և Հայաստանի անկախացումից հետո մենք շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի հետ, ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան: 

Անցած տարում մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և հիմա էլ մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել մեր հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար և այս առումով ևս Ձեր այցը կարևոր նշանակություն ունի»:

Գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա սերտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու ոլորտները:

Շեշտվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, պաշտպանական և այլ բնագավառներում առկա փոխգործակցության մեծ ներուժի իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին ինչի կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և շարժվում է այդ ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել