Հասցեական ուղերձները բավարար չեն ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար. Միրզոյան
22:32 - 05 սեպտեմբերի, 2023

Հասցեական ուղերձները բավարար չեն ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար. Միրզոյան

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր:

Անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից

Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում ՀՀ դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԵՄ, կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, ցավոք, դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության  երկկողմ օրակարգի առաջ մղման հնարավոր քայլերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել