Գերմանիան անհրաժեշտություն է համարում Լաչինի միջանցքի բացումն ու ԼՂ ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերումը |armenpress.am|
20:02 - 09 սեպտեմբերի, 2023

Գերմանիան անհրաժեշտություն է համարում Լաչինի միջանցքի բացումն ու ԼՂ ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերումը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշադրության կենտրոնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջանում ստեղծված լարված իրավիճակը։ Դաշնային կանցլերն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում կայուն աճող լարվածության, մասնավորապես՝ ռազմական միավորումների տեղաշարժման առնչությամբ։ Դաշնային կառավարությունը խստորեն կոչ է անում զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից։

Այժմ անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. այժմ բոլորը պետք է առանց հապաղելու կառուցողական աշխատեն այդ նպատակի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել