hetq.am: Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի հայրը՝ Մանվել Հակոբյանը, թաունհաուսների բիզնես է սկսել։ Մանվել Հակոբյանը նախկինում բիզնես գործունեություն չի ծավալել։ Քաղաքային առանձնատների (թաունհաուսների) կառուցմամբ և վաճառքով սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ ավագ որդին՝ Երջանիկ Հակոբյանը, դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պետական բարձր պաշտոններ սկսեց զբաղեցնել։
Երջանիկ Հակոբյանը քաղաքական գործունությամբ հայտնի չէր, սակայն դա չխանգարեց, որ 2018 թ.-ին դառնա ՔՊ անդամ, ապա՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հետո էլ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։ Կրտսեր Հակոբյանը ՀՔԾ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից ազատվեց 2022 թ.-ին և նշանակվեց Ավան վարչական շրջանի ղեկավար։ Ավան վարչական շրջանում բնակվող պաշտոնյաների հայրը՝ Մանվել Հակոբյանը, կայուն աշխատանք չի ունեցել, իսկ որպես բիզնեսմեն ընդհանրապես հայտնի չէ։ 2020 թ.-ից Առինջի Դուրյան թաղամասում սկսել է առանձնատներ կառուցել և վաճառել։
Նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների 2022 թ.-ի հայտարարագիրը, ինչը պարտավոր էր անել։ Մանվել Հակոբյանը չի հայտարարագրել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ավան վարչական շրջանում գտնվող տունը, որտեղ հաշվառված է։
[...]
Մանվել Հակոբյանի 2020 թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա գույքի վաճառք է իրականացրել։ Ավան համայնքում գտնվող բնակարանը և Առինջում գտնվող հողամասերից մեկը նա հայտարարագրել է, իսկ Առինջի մյուս հողամասը «մասնակի» է հայտարարագրել։ Ենթադրվում է, որ հողամասը բաժանվել է մասերի, և բաժանված մասերից վաճառք է իրականացվել։ Այս ենթադրությունը հաստատվում է, քանի որ նույն տարվա հայտարարագրում որպես եկամուտ Մանվել Հակոբյանը ներկայացրել է 10 միլիոն դրամ եկամուտ, որը գոյացել է 2 գույք վաճառելու արդյունքում։ Դրանք գնել են քաղաքացիներ Աշոտ Սիմոնյանը և Հովհաննես Մեհրաբյանը։
Մանվել Հակոբյանը Առինջ գյուղի Դուրյան թաղամասում գտնվող՝ դեռևս 2006 թ.-ից իրեն պատկանող 1000 քմ հողամասը բաժանել է 6 մասի։ Բաժանումն իրականացվել է 2020 թ.-ին։ Նշենք, որ ինչպես այս գույքը, այնպես էլ Մանվել Հակոբյանին պատկանող մյուս հողամասը գտնվում են Երևանի Ավան վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի հարևանությամբ։ Այդ փողոցի մի մայթը համարվում է Երևանի տարածք, մյուս մայթը՝ Առինջ գյուղի։ Այդ հատվածը գտնվում է Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտակայքում։
«Google Earth» ծրագրում առկա արբանյակային լուսանկարներում երևում է, որ Մանվել Հակոբյանին պատկանած 1000 քմ մակերեսով հողամասի տարածքում 2020 թ.-ին շինարարություն է սկսվել։ 2020 թ.-ի հոկտեմբերի 23-ի դրությամբ ամբողջ տարածքում (այդ թվում` վաճառված երկու հողամասերի) հիմքեր են փորվել, ամրաններ տեղադրվել, կատարվել են բետոնային աշխատանքներ։ Սա նշանակում է, որ Մանվել Հակոբյանը հողամասը 6 մասի բաժանելուց, դրանցից 2-ն այլ անձանց վաճառելուց հետո միաժամանակ շինարարություն է սկսել։ 2021 թ.-ի փետրվարի 27-ի դրությամբ՝ տարածքում 5 բլոկավորված առանձնատուն (թաունհաուս) արդեն կառուցված է եղել։ Դա պարզ երևում է արբանյակից արված լուսանկարներում։
Մանվել Հակոբյանի 2021 թ.-ի հայտարարագրում արդեն երևում են թաունհաուսների վաճառքի մասին տվյալները։ Հայտարարագրում նշված է, որ նա ևս 3 հողամաս է վաճառել։ Իրականում ոչ թե հողամաս է վաճառել, այլ փաստացի կանգուն առանձնատներ։ Հայտարարագրում թաունհաուսները որպես հողամաս են ներկայացվել, հավանաբար այն պատճառով, որ հողամասի վրա կառուցված շինությունները դեռևս չեն ունեցել ավարտական ակտ և որպես շինություն չեն գրանցվել, իսկ Մանվել Հակոբյանը դրանք վաճառել է ոչ ավարտական վիճակում։ Բացի այդ, ըստ հայտարարագրի, նա վաճառել է նաև Ավան վարչական շրջանում ունեցած բնակարանը։
Հետաքննությունն ամբողջությամբ՝ hetq.am կայքում
comment.count (0)