armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չի կարծում, թե Ադրբեջանից հայ գերիների վերադարձի վերաբերյալ համաձայնության մեջ որևէ փոփոխություն լինի:
Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, թե ինչո՞ւ է ուշանում գերիների վերադարձը:
Պատգամավորը խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չուներ:
«Համաձայնությունը ձեռք է բերված, և մենք սպասում ենք գերիների վերադարձին»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ուշանում՝ նա ասաց, որ հստակ տեղեկություն չունի, չի կարող ասել՝ ուշանում է, թե չի ուշանում, գուցե չի ուշանում, ուղղակի ժամկետներ կան։ «Համաձայնությունը ձեռք է բերված, երկուստեք հայտարարությունն արված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,-ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին աջակցություն հայտնելն արդյոք նախապայմա՞ն է եղել Ադրբեջանի կողմից՝ նա ասաց՝ չի կարծում, թե նախապայման է եղել, դա երկուստեք պայմանավորվածության արդյունք է:
Անդրադառնալով հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ պայմանավորվածությունն իրականություն չդառնա՝ Հակոբյանն ասաց. «Առնվազն կա պայմանավորվածություն: Եվ այդ պայմանավորվածության կատարման ժամանակահատվածը կտեսնենք, թե ինչպես է ընթանում»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ այնպես չի լինի, որ դա իրականություն չդառնա:
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
comment.count (0)