1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որով վարչապետը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին:
«Վարչապետի հայտարարությունները հրապարակային են, և այդ հայտարարությունները միտված են մեր հռչակած խաղաղության օրակարգի հանգուցալուծմանը և հարցը առաջ տանելուն, և ես կարծում եմ՝ մեկնաբանությունների համար կոնկրետ իրավիճակային գնահատականներ պետք է տանք այստեղ: Մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ խաղաղության օրակարգին ձգտելու ընթացքի մասին, և ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային, նաև վարչապետը և մեր բազմաթիվ թիմակիցներ տեղեկացնում են հանրությանը:
Ես տարիներ շարունակ հիշում եմ՝ մենք բոլորս ականատես ենք եղել այդ հռետորաբանությանը»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ խաղաղության օրակարգը, որը հռչակվել է քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: «Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ. մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Այլ բան է, որ սա միակողմանի անելը, իհարկե, անհնար է: Ես ուզում եմ հավաստիացնել ևս մեկ անգամ, որ ՀՀ-ն խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի: Բայցևայնպես, մենք պարտավոր ենք ՀՀ պետական շահը վեր դասել ամեն ինչից, և ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ մենք խաղաղության օրակարգով, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, բայց մենք պետք է շարժվենք այս օրակարգով»,- ասաց Հակոբյանը:
«Խաղաղության օրակարգը դա այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը, և մենք ոչ մի այլ քայլ, քան պետական շահին միտված, չենք անելու, և մեր ցանկությունը ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքն անվտանգ դարձնելն է, և այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է, և միգուցե նաև կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք և կանխատեսում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ առանց վերահսկողության ճանապարհ ունենալու նպատակին՝ Վաղարշակ Հակոբյանն ասաց.
«Ես ասեմ մեր նպատակը. ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը: ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. մենք գնում ենք այս ուղղությամբ, և մեզ համար գերխնդիրը սա է»:
comment.count (0)