ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները
18:12 - 16 սեպտեմբերի, 2023

ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը սեպտեմբերի 16-ին Մատենադարանում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

«Հանդիպմանը հրավիրվել են 14 երկրի ընտրական համակարգերի և 2 միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուչությունների անդամները։

ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրել է, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը Հայաստանում կիրառվում է դեռևս 2007 թվականից, ապա հավելել՝ ընտրական գործընթացների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային գործիքները տարեց տարի ավելացել են։ Այս ընտրություններում ևս ԿԸՀ-ն էլեկտրոնային նոր գործիքներ է ներդրել։

Խոսելով ընտրական գործընթացում մատչելիության ապահովման մասին՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումը։

2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ կայքում գործարկվել են՝

  • մատչելիության գործիքակազմը,
  • նիստերի հեռարձակումը՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ,
  • հայտարարությունների և նորությունների` ՏԵՔՍՏԻՑ ԽՈՍՔ համակարգը,
  • տպագիր նյութերի աուդիո տարբերակները,
  • էլեկտրոնային ուսուցումը՝ հաշմանադամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար։

Պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքներին վերաբերող սոցիալական գովազներ և անիմացիոն ֆիլմեր։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից գույքագրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ։ Իրականացվել է այդ տարածքների  մատչելիության գնահատում։ Բոլոր դեպքերում ընտրվել են առավել մատչելի տարածքները։ Արդյունքում ընտրական 475 տեղամասերից 183-ը մատչելի են։ 

Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են»,- ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել