«Անկախ դիտորդը» հաղորդում է տարբեր խախտումների, նաև «տասովչիկների» ուղղորդումների մասին
 |azatutyun.am|
14:49 - 17 սեպտեմբերի, 2023

«Անկախ դիտորդը» հաղորդում է տարբեր խախտումների, նաև «տասովչիկների» ուղղորդումների մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում արձանագրել է 48 խախտում, որոնցից 4-ը՝ հանձնաժողովի նախագահի, 21-ը՝ վստահված անձանց, 21-ը՝ ընտրողները, մնացածը՝ անհայտ անձանց կողմից։ Առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացմամբ՝ հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև մեկից ավելի խախտումներ «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։

Յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ իշխանական կուսակցության կողմից։

18 ընտրատեղամասում, ըստ հաղորդմամբ, նկատվել են կուտակումներ։

«Բավականին շատ տեղերում և բավականին զանգվածային մենք տեսնում ենք «ձայնային ձեռներեցների»՝ «տասովչիկ» անվամբ հայտնի, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են», - ասուլիսին ասաց նա։

Առաքելությունը նաև իր Տելեգրամյան ալիքում է հրապարակումներ ներկայացրել։ Ըստ դրանց՝ 9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:

«Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը: Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է: Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»», - հաղորդում է դիտորդական առաքելությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել