ՄԻՊ գրասենյակը ժամը 16։00-ի դրությամբ ընտրություններին վերաբերող 56 զանգ է ստացել
16:36 - 17 սեպտեմբերի, 2023

ՄԻՊ գրասենյակը ժամը 16։00-ի դրությամբ ընտրություններին վերաբերող 56 զանգ է ստացել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ:  Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։

Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն  ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրում է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։

Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմն այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով, քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:

Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 թեժ գիծ հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել