ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
17:48 - 18 սեպտեմբերի, 2023

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը:

IMG_5390.jpg (1.13 MB)

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությյունը, Հարություն Վանյանն իր ելույթում Հայաստանի պատվիրակության անունից լսարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, մշտապես քաղաքականացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը, անհիմն ու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, և այդ վարքագիծը հակասում է կազմակերպության արժեքներին և սկզբունքներին:

ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։

IMG_5389.jpg (835 KB)

Հայաստանի պատվիրակն իր խոսքում նշել է, որ նախնական ցանկում գրանցվող քարայրները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որը 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անցել է վերջինիս վերահսկողության տակ: Այդ ժամանակից ի վեր՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային ժառանգության՝ պետական հովանավորությամբ իրականացվող մշակութային ցեղասպանությանը` մշակութային վայրերի ոչնչացման, պղծման և հայկական ինքնության յուրացման բազմաթիվ փաստագրված դեպքերով: Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու՝ վերջերս ավերած արբանյակային լուսանկարները, ի թիվս այլոց, ծառայում են որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսման վառ օրինակ, որը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ պարտադրում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

IMG_5387.jpeg (1.15 MB)

Մեջբերվել է նաև 2022 թվականի մարտի 10-ի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանում հայատյացության տարածման համար:

Հարություն Վանյանը նշել է, որ մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր, Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակման հետ մեկտեղ, Ադրբեջանի այս գործողությունները վկայում են բնիկ հայ բնակչության ոչնչացման և նրա մշակութային ժառանգության ցանկացած հետք ջնջելու ցեղասպան մտադրության մասին։

IMG_5388.jpg (850 KB)

Շեշտվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության տեղակայման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծվել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել այդ հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել