Բաքուն ամեն ինչ անում է, որ Արցախ մատակարարումներն ամբողջությամբ իրականացվի Աղդամով․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|
10:43 - 19 սեպտեմբերի, 2023

Բաքուն ամեն ինչ անում է, որ Արցախ մատակարարումներն ամբողջությամբ իրականացվի Աղդամով․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ դեպի Արցախ ուղղված մատակարարումների շարժն ամբողջությամբ տեղափոխվի Աղդամի ուղղությամբ։

«Ինչն այս պահին չի ստացվում, բայց ադրբեջանական ճնշումները, այդ թվում՝ նաև ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, բավականին մեծացել են։ Իրավիճակը շատ ավելի ծանր գույներ է ստանում այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց դուրս են դրել Արցախին վերաբերող քաղաքական և անվտանգային հարցերից և բացառապես հայտարարություններ են հնչեցնում սոցիալ-տնտեսական, կամ հումանիտար բնույթի թեմաներով։ Սակայն, հիմքում Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունն է, որ իրենք պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը բավականին ծանր հետևանք է ունեցել Արցախում ամեն օր ծանրացող իրավիճակի վրա», - ասաց Աբրահամյանը։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է անցած դեկտեմբերից, երեք ամիս առաջ էլ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի վրա՝ առհասարակ արգելելով սննդի ու անհրաժեշտ իրերի տեղափոխումը։

Կողմերի պայմանավորվածության ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ երեկ բացվեցին Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհները։ Արդյունքում Երևանից ուղարկվեց 23 տոննա հայկական ալյուր, իսկ Աղդամի ճանապարհով ուղարկվեց ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս է հայտարարել, որ չպետք է հավասարության նշան դնել Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միջև և որ Բաքուն պետք է կատարի Հաագայի դատարանի որոշումը՝ ապաշրջափակելով Լաչինը։

Բաքուն, իր հերթին, պնդում է՝ «միջանցքը փակ չէ, իսկ երեկվա հայկական օգնության փոխադրմամբ ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:

Կողմերը դեռ չեն հստակեցնում, թե երբ նորից Լաչինի միջանցքով բեռներ կտեղափոպվեն Արցախ և երբ, ի վերջո, կվերականգնվի միջանցքով Արցախ բեռների ու մարդկանց անխափան տեղաշարժը։

Երեկվա տեղափոխումը կազմակերպած Միջազգային Կարմիր Խաչը հույս է հայտնել, որ որոշում կայացնողների միջև համաձայնությունը թույլ կտա ճեղքել շրջափակումը նաև հաջորդ շաբաթներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել