Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի
 |azatutyun.am|
17:42 - 31 հունվարի, 2025

Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։

Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։

Գոբլը Պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր: Բայց, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել՝ ով էր այն առաջինը շրջանառել: Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին: ։ Թուրգութ Օզալը, ըստ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի (տե՛ս այստեղ) ասել էր.

«Ես մի գաղափար ունեմ. Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը հայեր են, 20 տոկոսը՝ադրբեջանցիներ։ Նրանք կարող են տարածքների փոխանակում անել՝ Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից ստանա մի հատված, որը երկու մասի է բաժանում Ադրբեջանը»։

Բուշ-ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգևորել։ Անկարան, սակայն, չի մոռացել և վերստին այն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Բիլ Քլինթոնի օրոք։ 1997-ին, ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին և կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին»:

Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը ռուսների հետ, և հարցրել՝ ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։

«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», - ասել է նա։

Միաժամանակ, Թալբոթը պնդել է՝ եթե ադրբեջանցիները և հայերը բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու Ամերիկան կաջակցեն դրան։

Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը, սակայն, հրաժարվել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշվում է 1997-ի սեպտեմբերի դիվանագիտական հեռագրերից մեկում (փաստաթուղթը տե՛ս այստեղ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցային օրակարգ ՝ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև տետ ա տետ հանդիպումների շնորհիվ։ Դրանից առաջ միջնորդների ներկայացրած փուլային, փաթեթային, ընդհանուր պետության տարբերակները մերժվել էին այս կամ այն կողմից. այդ փուլում, երբ թվում էր՝ բանակցությունները փակուղի են մտել, Քոչարյանն ու հայր Ալիևը սկսել էին հանդիպել առանց միջնորդների։

«Ազատության» տրամադրության տակ են Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են՝ հենց այդ հանդիպումների արդյունքում՝ 1999-ի սեպտեմբերին, Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիևի առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների, դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում։

Դա Ալիև-Քոչարյան արդեն հինգերորդ հանդիպումն էր 1999 թվականի ընթացքում, և եզակիներից մեկը, որի ավարտին երկու նախագահներն էլ հրապարակավ ասել էին, թե պատրաստվում են գնալ զիջումների։

«Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ», - ասել էր Հեյդար Ալիևը:

«Այո՛, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում, այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը», - արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահները բաժանվել էին բարձր տրամադրությամբ, քննարկել, թե քանի ոչխար են մորթելու, երբ վերջնական համաձայնությունը կստորագրեն, չբացահայտելով՝ կոնկրետ ինչպես են պատրաստվում հարցը լուծել։

Մանրամասները պարզվում են այդ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված մի դիվանագիտական հեռագրից, որ կազմել են այդ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում աշխատող ամերիկացի դեսպանները (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։ «Հիմա խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբևէ հակամարտության մեկնարկից՝1988-ից ի վեր՝ շնորհիվ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի», - գրել են ամերիկացի դիվանագետները, մանրամասնելով.

«Խաղաղության հեռանկարները հիմա շատ ավելի հուսադրող են, քան երբևէ հակամարտության մեկնարկից ի վեր՝ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի շնորհիվ։ 1999-ի ապրիլին նախագահ Ալիևը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը առաջարկել է տարածքների փոխանակում։ Նախագահ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է, և երկու նախագահները մտել են քննարկումների ակտիվ փուլ՝ Ալիևի առաջարկների հիման վրա»։

Սադարակում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը ուղերձ էր հղել կողմերին՝ քաջալերելով «ուղիղ երկխոսության արդյունքում ձեռք բերված կարևոր առաջընթացը»։ Ամերիկայի փոխնախագահի ուղերձում ասվում էր․

«Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես, միաժամանակ, կարծում եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, իմաստուն է ու քաջ»։

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարն էլ այդ օրերին տարածաշրջան էին գործուղել Ղարաբաղյան խնդրով զբաղվող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին, ով հանդիպել էր նախ Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի ղեկավարության հետ, վերջում՝ մեկնել Անկարա։

Հանդիպելով Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ՝ փոխպետքարտուղար Թալբոթը նշել է՝ Բաքվում այս համաձայնությունից այնքան են ոգևորված, որ տպավորություն է, թե ինչ-որ բան կարող է ստորագրվել դրանից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր Միացյալ Նահանգների նախագահի ու պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկում տեղ պահել՝ Ալիև-Քոչարյան հնարավոր համաձայնությանը ներկա լինելու համար (փաստաթուղթը տե՛ս այստեղ

Սակայն, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը տարածաշրջանից չէր հեռացել, երբ Հայաստանի խորհրդարանում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ ղեկավար Կարեն Դեմիրճյանն ու 6 այլ պաշտոնյաներ։ Մի քանի ժամում, մինչ Թալբոթը Երևանից կհասներ Անկարա, Հայաստանում ուժերի հավասարակշռությունն անդառնալիորեն փոխվեց, և ստեղծվեց մի իրավիճակ, որը հետագա տարիներին ազդեցություն ունեցավ ոչ միայն երկրի, այլև Մեղրիի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Դիվանագիտական փաստաթղթերում նաև այդ մասով մանրամասներ կան։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն, մասնավորապես, գաղտնի հեռագրերից մեկում պնդում է, թե հոկտեմբերի 27-ի կեսօրին Հայաստանի նախագահականում վարչապետ Վազգեն Սարգսյանը կողմ է եղել Քոչարյանի ու Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությանը։ Փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը, մինչդեռ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին հասնելով Անկարա, Թուրքիայի նախագահին ասել է` Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերից ամբողջությամբ տեղյակ չէր (փաստաթուղթը տե՛ս այստեղ)․

«Փոխպետքարտուղարը նախագահ Դեմիրելին ասաց, որ նախագահ Քոչարյանի հետ իր հանդիպմանը վարչապետ Սարգսյանն առաջին անգամ էր լսում Քոչարյան-Ալիև քննարկումների որոշ մանրամասներ»։

Թե որոնք են եղել այդ մանրամասները, Պետդեպի հեռագիրը չի հստակեցնում։ Թալբոթը Դեմիրելին միայն փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Հեյդար Ալիևի, առավել զգուշավոր էր և հորդորում էր իրեն շատ չշտապեցնել։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ժամեր անց Ամերիկայի փոխպետքարտուղարը Թուրքիայի նախագահին հետևյալն է պատմել հայկական կողմի հետ իր բանակցություններից.

«Քոչարյանի զգուշավորության մի մասը իր մտահոգությունն էր, որ ռուսները հնարավոր է՝ ամբողջությամբ տեղյակ չեն իր ու Ալիևի միջև ձեռք բերված առաջընթացից։ Քոչարյանը կհանդիպի Ելցինին նոյեմբերի 5-ին ու կխոսի նրա հետ։ Քոչարյանն անհանգստացած էր՝ հանկարծ այնպես չստացվի, որ Մոսկվային թվա՝ ինքը կամ ամերիկացիներն աշխատում են ռուսների թիկունքում»։

Հայտնելով այս մանրամասները՝ Թալբոթը զգուշացրել է՝ թե’ Ալիևը, թե’ Քոչարյանը խնդրում են, որ իրենց համաձայնությունը մնա խիստ գաղտնիության պայմաններում։ Դեմիրելը խոստացել է՝ տեղեկությունը սենյակից դուրս չի գա։ Փոխպետքարտուղարի հետ այդ հանդիպմանը Հայաստանի նախագահը հարց է բարձրացրել նաև Իրանի հետ կապերը պահելու անհրաժեշտության վերաբերյալ.

«Քոչարյանն ասաց, թե Հայաստանը ուզում է Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով ինչ-որ ճանապարհ գտնել՝ երաշխավորելու իր համար կարևոր առևտրային կապերն Իրանի հետ։ Դեմիրելը համաձայնեց՝ Ադրբեջանը դա անելու համար կարող է ինչ-որ ձև գտնել»։

Բաքվում, սակայն, մտադիր չէին նոր զիջումների գնալ։ Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց՝ 1999-ի նոյեմբերին, հայր Ալիևը Վաշինգտոն է գործուղել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին երկրի վարչապետն ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման սղագրությունից ակնհայտ է, որ նրանք Վաշինգտոն էին մեկնել հենց տարածքների փոխանակման տարբերակը քննարկելու (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Ալիևն ու Ռասիզադեն ասացին, որ դրական հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամում ու Համաշխարհային բանկում, և հստակ տպավորություն ստացել, որ երկու կառույցներն էլ պատրաստ են արագորեն գնալ առաջ՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի իրագործմանը»։

Այդ ժամանակ Իլհամ Ալիևն ամերիկյան կողմին հավաստիացրել է՝ Ադրբեջանն ուզում է գործը գլուխ բերել հնարավորինս արագ, նեղսրտելով, թե ընդդիմության կողմից տարածվող շշուկներն ու կասկածները թուլացնում են իրենց դիրքերը.

«Ալիևն ասաց՝ Ադրբեջանի ժողովուրդը գնալով ավելի անհանգիստ է դառնում, նրանք գիտեն, որ ինչ-որ բան է կատարվում, բայց չգիտեն մանրամասները։ Մինչդեռ ընդդիմությունը շահարկում է իրավիճակը»։

Ադրբեջանական կողմը ենթադրել է, թե հայկական կողմը սկսել է դանդաղել Մոսկվայի թելադրանքով։ ԱՄՆ փոխպետքարտուղարը, սակայն, փարատել է այդ կասկածները, պնդելով, թե պատճառը հայաստանյան ներքաղաքական վիճակն է. նախագահ Քոչարյանին անհրաժեշտ է ժամանակ տալ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իր շուրջը աջակցություն կոնսոլիդացնելու և խիզախ որոշումներ կայացնելու համար։ Պետդեպի փաստաթղթի հաջորդ նախադասությունը գաղտնազերծում է՝ ինչ էր քննարկման սեղանին.

«Իլհամ Ալիևը նշեց, թե հասկանում է՝ որքան դժվար է ղարաբաղցի հայի՝ Քոչարյանի համար, հրաժարվել Մեղրիի շրջանից»։

Ամիսներ անց, երբ այս հարցն արդեն Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն են քննարկել, Մադլեն Օլբրայթը հորդորել է Մոսկվային համոզել Հայաստանին, թե այս գործարքը լավ է տարածաշրջանի անվտանգության համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովը ի պատասխան նույն փաստարկն է բերել՝ Քոչարյանի դիրքերը թուլացել են հոկտեմբերի 27-ից հետո (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Իվանովն ասաց, որ ինքը երկար զրուցել է թե’ Քոչարյանի, թե’ Ալիևի հետ այս հարցերի շուրջ։ Քոչարյանն անկեղծ էր, երբ ասում էր, թե իրեն ներքին կայունություն է պետք նման կարևոր համաձայնություն կայացնելուց առաջ, նա կարծում է, որ չունի այն աջակցությունը, որը վայելում էր մինչ սպանությունները։ Չնայած այն փաստին, որ Երևանն ավելի շատ տարածք է ստանում այս գործարքով, նրանք կարծում են, որ այն իրենց թողնում է երեք կողմից թուրքերով ու նրանց մերձավոր զարմիկներով շրջապատված, մինչդեռ Վրաստանն անկայուն վիճակում է»։

Ըստ այդ համաձայնության, հայկական կողմը պետք է դուրս գար Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքներից՝ բացառությամբ Լաչինի։

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 2019-ին հայտարարել էր՝ նման առաջարկ չէր կարող քննարկվել առանց իր իմացության: «Ինձ հետո ոչ ոք չի բանակցել, դուրս եկողը մենք պիտի լինեինք, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել», - պնդել էր նա։

Պետդեպի գաղտազերծած փաստաթղթերի համաձայն, սակայն, միջնորդները հոգ էին տարել նաև Ղարաբաղին տեղյակ պահելու մասին։ 1999-ի դեկտեմբերին՝ Սադարակի հանդիպումից մոտ երկու ամիս անց, Մինսկի խումբը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքով, այցելել է Ստեփանակերտ՝ համոզվելու, որ ղարաբաղյան կողմը համաձայն է լուծման այդ տարբերակին։ Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն զրույցի մանրամասներն օրեր անց հեռագրել է Վաշինգտոն (փաստաթուղթը տե՛ս այստեղ), մանրամասնելով.

«Արկադի Ղուկասյանն անմիջապես հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարյան-Ալիև գործարքին, և ես խոստացա փոխանցել դա Ադրբեջանի նախագահին»։

Ըստ դիվանագիտական հեռագրերի, այդ ժամանակ միջնորդները սկսել էին աշխատել միջազգային դոնորների հետ՝ համաձայնագրի ստորագրումից հետո տարածքների վերակառուցման ու մարդկանց վերաբնակեցման համար։ Ֆրանսիացի համանախագահն անգամ հարցրել է՝ ե՞րբ է նպատակահարմար, որ Համաշխարհային բանկը կարիքների գնահատման այց կատարի։ Ղուկասյանը արձագանքել է՝ որքան շուտ, այնքան՝ լավ, միաժամանակ խոստանալով այդ մասին տեղեկությունները պահել գաղտնի.

«Նա ասաց, որ կորդեգրի լիակատար գաղտնապահություն, ինչը, նրա համոզմամբ, կենսական նշանակություն ունի արդյունքի հասնելու համար։ Նա ավարտեց իր խոսքը ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն ընդունելի չէ, ոչ էլ հնարավոր է այն անժամկետ պահել, և որ անհրաժեշտ է խաղաղություն ու զարգացում»։

Դիվանագիտական փաստաթղթերը, միաժամանակ, վկայում են, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո Հայաստանի նախագահն առավել հաճախ է հղում արել ներքին անկայունությանն ու Իրանի հետ սահմանը պահելու անհրաժեշտությանը՝ հորդորելով հավելյալ ժամանակ տալ իրեն։

2000 թվականի հունվարին արդեն, ըստ Պետդեպի փաստաթղթերի, Ռոբերտ Քոչարյանը Դավոսում՝ Ալիևի հետ առանձնազրույցում, նոր պահանջ է դրել սեղանին՝ անակնկալի բերելով ոչ միայն ադրբեջանցի գործընկերոջը, այլև համանախագահող երկրներին։ Այդ մասին Հեյդար Ալիևը պատմել է Ադրբեջանում Ամերիկայի դեսպան Սթենլի Էսկուդերոյին 2000-ի փետրվարին (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարևորությունը՝ Քոչարյանն առաջարկել է տալ Մեղրին և կորցնել այդ սահմանը, ինչպես ի սկզբանե պայմանավորվել էին Նախիջևանում, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-16 թվականների ցեղասպանությունը»։

Ռեպորտաժը՝ այստեղ

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել