Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները
15:01 - 20 սեպտեմբերի, 2023

Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, առկա են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:

ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ Իրանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու ամրապնդմանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք հարցերի:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-իրանական իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել