Բոլոր ուշադիր քաղաքացիները տեսնում են, թե ովքեր, որտեղից եւ ինչպես են փորձում Հայաստանում ցնցումներ իրականացնել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող ակցիաներին։
«Ուզում եմ ասել, որ դեռեւս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել, շաբաթվա սկզբին էր, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների, քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով, նաեւ բռնության կոչերի, սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու կոչերով, այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված եւ կալանավորված անձինք կան։ ՀՀ իրավապահ համակարգը լիարժեք գործում է»,- ասաց նա։
Փաշինյանն ուշադրություն հրավիրեց, իր խոսքով, մի նրբության վրա․ «Մենք պետք է մեր ուշադրությունից դուրս չթողնենք, որ բռնություն գործադրելու ոմանց նպատակը ՀՀ իրավապահ մարմիններին ստիպելն է կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք օրինակ ինքնատիրապետումը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ընդհուպ ամենատարբեր զարգացումներ լինեն։
Հիշում եք, չէ՞, որ մարդիկ արյուն հեղելու մասին էին խոսում, ընդամենը յոթ-ութ օր առաջ կամ տասը օր առաջ, կներեք, որ օրերը խառնվել են գիշեր-ցերեկ, կարող է ժամանակագրությունները մի քիչ խառնեմ, բայց իմացաք, թե ինչ ելույթների եմ հղում անում»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով ինքը նկատում էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ իրենք ինքնիշխանության, անկախության հետ կապված հարցադրումներ էին անում, ինքը նկատում էր, որ այսպիսի մի բան կար․ «Դա նախընտրական, այսպես ասած հնարք է, եւ լավ կլիներ էդ ընկալումը մնար, էն առումով, որ ցավոք, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ամենեւին նախընտրական հնարք չէ, եւ ինչ ասում էինք էդ կոնտեքստում՝ կապված ինքնիշխանության, անկախության դեմ մղվող պայքարի մասին, ամեն ինչ արդարացվեց»։
Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապված կոնտեքստին, Փաշինյանն ասաց․ «Հիմա, օրինակ, ռուսական մամուլում շատ է գնում խոսակցություն այն մասին, որ ՀՀ-ն երկար ժամանակ փորձում է իր անհաջողությունների համար պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Մենք մեր որեւէ անհաջողության համար որեւէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։ Կա հստակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ օրինակ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ՌԴ խաղաղապահ զորախումմբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը, եւ մենք հետեւողականորեն դեռ մեկուկես տարի առաջվանից սկսել ենք այդ հարցը բարձրացնել, որ պրոցեսները ճիշտ ճանապարհով չեն գնում։
Մենք որեւէ անազնիվ բան չենք անում, եւ ակնհայտ է՝ մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց մյուս կողմից չեմ կարծում, որ բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում ունեցել է»,- ասաց Փաշինյանը։
«Նախորդ տարի, դուք հիշում եք դեպք, երբ Մարտակերտի բնակչին խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, մարդը իր տանը նստած՝ համոզել էին, թե․․․ չգիտեմ՝ ինչի համար, քարոզչական, թե ինչ նպատակներով, չգիտեմ, տրամաբանությունը չգիտեմ, տարել էին դաշտ եւ ասել էին, որ մենք երաշխավորում ենք քո անվտանգությունը, կարող ես քո տրակտորով դաշտը հերկել, տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր տրակտորիստին՝ խաղաղապահը կողքը նստած։
Այսինքն՝ շատ բաներ կան, որ մենք չենք ցանկացել բարձրաձայնել, խոսել այդ մասին՝ հասկանալով, որ բարդ է իրավիճակը, էնպես չի, որ ամեն ինչ վերահսկվում է ամեն մի անկյունը խաղաղապահների կողմից, բայց մեկ, երկու, երեք, չորս, հինգ, տասը․․․ Ըստ էության այս վերջին բռնկումը՝ ինչու է տեղի ունեցել։ Կներեք, եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչու հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ տեղի չունենա հարձակումը ԼՂ-ի վրա։ Ի վերջո բոլորն ահազանգում էին դրա մասին, ի վերջո բոլորն ահազանգում էին, եւ մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն պարփակված է, շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով, ինչո՞ւ այդ միջնորդական առաքելությունն այն ժամանակ չի արվել։ Սրանք հարցեր են, որ պետք է պատասխան ստանան։
Մյուս կողմից, այսօր ձեզ հայտնի կուսակցության ներկայացուցիչները փողոցներում հարձակվում են մարդկանց վրա, իսկ իրենք ինչի չեն պատասխան տալիս, ԼՂ ԱԺ նախագահն իրենց կուսակցության ներկայացուցիչն է, որը մասնակցել է եւ փաստորեն կողմ է արտահայվել հրադադարի այս պայմաններին։ Իրենք պատրաստվո՞ւմ են դրա բացատրությունը տալ։
Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այսօր, ինչպես Ղարաբաղի հարցը ձեզ հայտնի շրջանակների կողմից երկար ժամանակ, տասնյակ տարիներ, իննսունյոթ-ութ թվականից օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում։
Կամ ինչ ա նշանակում ուսանողների եւ մարզիկների կազմակերպված խմբեր զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երեւանում։ Նրանցից մեկը, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ հենց ԼՂ բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երեւան քաղաքում։
Բայց ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը եւ կոշտ է արձագանքը։ Եվ ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի կոշտ եւ օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է կո՛շտ եւ օպերատիվ արձագանք, բայց գծեր կան, որոնք նրանք ուզում են էդ գծերը․․․ Նրանք ուզում են, որ իշխանությունը Երեւանի փողոցներում արյուն հեղի, էս ա նրանց նպատակը»։
Փաշինյանը հայտարարեց, որ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։
«Բայց մենք մեր հայրենակիցներին սիրում ենք, նույնիսկ նրանց, ովքեր մեզ հայհոյում են, մենք չենք կարող ատելության տարափ լցնել մարդկանց գլխին, չենք կարող։ Իրավապահ համակարգն իր տեղում է, իրավակարգը գործում է, ձերբակալություններն են ընթանում, կշարունակեն տեղի ունենալ ձերբակալություններ, շատ կարեւոր է, որ մեղավորները կրեն պատասխանատվություն, բայց թացը չորին չի խառնվի, այսինքն՝ այս խառը վիճակում կարող են լինել նաեւ մարդիկ, որոնք հետագայում կպարզվի, որ նրանց արարքներում հանցակազմ չկա, էդ մարդիկ բնականաբար նրանց հետագա իրավական պատասխանատվության ենթարկելու ոչ մի քայլ չի ձեռնարկվի»,- ասաց նա։
Բայց, ընդհանուր առմամբ, Փաշինյանի խոսքով, իր հորդորը, կառավարության հորդորը, Հայաստանի Հանրապետության հորդորը շարունակում է մնալ նույնը․ «Առավել եւս էս էմոցիոնալ եւ բարդ վիճակում պահպանել հանդարտություն եւ օրենքի գծերը չանցնել, որովհետեւ օրենքի գծերն անցնելու դեպքում գործելու են հակազդեցության համաչափ, բայց կո՛շտ միջոցներ, եւ բոլոր համապատասխան մարմինները սրա վերաբերյալ իմ կողմից արդեն ստացել են հանձնարարականներ»։
Որպես ամփոփում, ըստ Փաշինյանի, իհարկե շատ կարեւոր է ԼՂ գործընկերների տպավորությունները լսել Եվլախում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ, նաեւ հետեւել ՄԱԿ ԱԽ նիստին․ «Համենյան դեպս պիտի արձանագրել, որ էս անգամ միջազգային հանրության գնահատակնների հետ կապված կարծես թե ամեն ինչ շատ հստակ է, չնայած, դե, մյուս կողմից էլ դա փոքր մխիթարանք է։
Էսքան ժամանակ մենք պետք ա սովորեինք, որ ֆեյքերի ազդեցությունը ինքներս պետք է կարողանանք որոշակի սահմանափակել։ Սա առաջինը, այսինքն՝ տուրք չտալ ակնհայտ կեղծ տեղեկություններին, որոնց նպատակն էլի մի բան ա, Հայաստանում ստեղծել քաոս, էնպես անել, որ եզրակացություն անեն, որ մենք չենք կարում պետություն ունենանք, եկեք մեզ տիրություն արեք, մի հատ ուրիշ պետություն, ձեր դրածոների, ձեր էմիսարների միջոցով, մենք սա չպետք է թույլ տանք եւ թույլ չենք տալու։
Երկրորդը՝ լինենք զգույշ, որպեսզի մեր սիրելի հայրենակիցների մասին մեր հոգատարությամբ թույլ չտանք, որ որեւէ մեկը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնի մեր ձեռքով, հետո ասեն, դե՜ ինչ ա եղել որ, Հայաստանը եւ հայերը որոշել են, որ տենց պետք ա անեն, մենք հո զոռով չենք պահելու ինչ-որ մեկին։ Բայց, իհարկե, էլի եմ ասում, իրադրությունն օպերատիվ գնահատվում է, եւ պլան Գ-ն ցանկացած պահի կարող է դառնալ պլան Ա, իսկ էս պահի պլան Ա-ն այն է, որ ԼՂ հայերը պետք է իրենց տներում ապահով, արժանապատիվ եւ անվտանգ ապրեն, իսկ նրանք, ովքեր տեղահանվել են, պետք է րոպե առաջ վերադառնան իրենց բնակարաններ»։
Լուսնակարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ / Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներ / 26․08․2023
comment.count (0)