Արցախից 19 հազար մարդ է այս պահի դրությամբ հատել Կոռնիձորի անցակետը․ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան
17:02 - 26 սեպտեմբերի, 2023

Արցախից 19 հազար մարդ է այս պահի դրությամբ հատել Կոռնիձորի անցակետը․ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:  Խաչատրյանը նշեց՝ 19 հազար մարդ է այս պահի դրությամբ հատել Կոռնիձորի անցակետը։ 

Փոխվարչապետի խոսքով ամենաառաջին հարցը, որ կարճաժամկետում կառավարությունն իր առաջ դրել է, այն է, որ յուրաքանչյուր ժամանող մարդ վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ։

«Հենց դիմավորման պահին փորձում ենք պարզել՝ արդյոք մարդիկ գիտե՞ն՝ ուր են գնալու, ունե՞ն արդյոք նշանակման վայր, որտեղ կարող են տեղավորվել, մինչեւ հետագա կարիքները հասկանանք եւ աջակցության համապատասխան մեխանիզմներ գործադրեք, թե անհրաժեշտ է մեր աջակցությունը։ Նրանք, ովքեր կարիք ունեն կեցավայրով ապահովված լինելու, այդ հարցերը պարզելուց հետո ուղղորդում ենք համապատասխանաբար»։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երկու կետերում կազմակերպվում է դիմավորում, եւ փորձում են հասկանալ, թե ովքեր են, որ կեցավայրի կարիք ունեն։ Սրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք․ «Գույքագրել ենք ողջ ՀՀ-ում գտնվող այն հյուրատնային եւ հյուրանոցային տեղերը, որտեղ մարդկանց կարող ենք առաջին իսկ դիմումով առաջարկել կեցավայր»։

Այս երեք օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդ կեցավայրով է ապահովվել, նրանցից մոտ հազարը ներկայում տեղակայված են կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում, 500՝ Վայքում, 500` Գեղարքունիքում, եւ այս օրերին, այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում տեղակայումը։

«Բնականաբար, նույնիսկ քննարկելի չէ, փորձում ենք սահմանը հատած մարդկանց առաջին անհրաժեշտության սննդի եւ այլ պարագաների կարիքները հոգալուն ուղղված քայլեր կատարել։ Հաշվի առնելով քաղաքացիների մեծ հոսքը՝ ուզում եմ պարզաբանել, թե որքան դժվար է միաժամանակ, երբ բնակչության այդպիսի մեծ տեղաշարժ կա, մարդիկ, ովքեր օրեր շարունակ եղել են ճանապարհին, իսկ ամիսներ շարունակ գտնվել են այնպիսի պայմաններում, երբ սննդի ամենաանհրաժեշտ միջոցները նույնիսկ հասանելի չեն եղել, իրենց դիմավորման պահից սկսած շատ անհրաժեշտ է զգույշ, որքան հնարավոր է արագ կազմակերպված աշխատանք տանել, սննդի ապահովումը, առաջին անհրաժեշտության պարագաների ապահովումը եւ տեղակայման վայր հասնելու հետ կապված տրանսպորտային ծառայությունների արագ կազմակերպումը մեր հիմնական նպատակն է եղել», - ասաց Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ հնարավոր է՝ որոշ դեպքերում թերացել են, ինչի համար խնդրեց այն մարդկանց ներողամտությունը, որոնք այդ ճանապարհին գտնվելով, այդ հոգեվիճակում գուցե որոշ դեպքերում առնչվել են նաեւ որոշակի դժվարությունների․ «Բայց ուզում եմ վստահեցնել, որ իմ գործընկերները 24 ժամ շարունակ փորձել են անել ամեն ինչ, որպեսզի ամենակարեւոր հարցերը լուծվեն ժամանակին»։

Խաչատրյանը նշեց, որ այսօր արդեն աշխատանքային քննարկում կա, թե ինչպես պետք է ընդլայնվի այն գործիքակազմը, թե ինչպես աջակցությունը հասանելի դարձնել տեղահանված բնակչությանը․

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, 44-օրյայի ժամանակ մենք ունեցել ենք նման իրավիճակ, եւ այն ժամանակ դեռեւս որոշակի մեխանիզմներ եղել են կիրառության մեջ, որոնք տարբեր տիպի սոցաջակցություն հասանելի են դարձրել։  Օրինակ, եթե մարդը երկարաժամկետ որոշել է, թե ինչ բնակության վայր պիտի ընտրի, վարձավճարների փոխհատուցում, այն մարդկանց, որոնք եկամտի աղբյուր չեն ունենա, աջակցություն՝ նրանց առաջնային կարիքները հոգալու համար, մենք էդ բոլորը շատ հասկանալի եղանակով կպլանավորենք, կհաստատենք, ովքեր կարիք ունեն, կդառնան դրանց շահառուները»։

Հաշվառման նպատակը նախ եւ առաջ կարիքների բացահայտումն է։ Փոխվարչապետը նշում է, որ ամենայն մանրամասնությամբ անհատական տվյալներ շարունակում էին հավաքել մինչեւ նախորդ գիշեր, բայց մի փոքր տեխնիկական խնդրի պատճառով հաշվառման բնույթը փոխել են․

«Բոլոր այն մարդիկ, որոնք մուտք էին գործում դեպի Կոռնիձոր, առաջին հարցին՝ իրենք ունե՞ն իրենց բնակության վայրը, թե նախընտրում են դիմել կառավարության կեցության ապահովման աջակցությանը, մենք անկախ պատասխանից վերցնում էինք բոլոր տվյալները՝ հետադարձ կապի համար, ինչ-որ պահի, երբ մարդկանց հոսքը մեծացավ, մենք որոշեցինք, որ մանրամասն տվյալներ վերցնում ենք միայն այն մարդկանց առնչությամբ, որոնք պետք է կառավարության առաջարկած աջակցույթան շրջանակից օգտվեն, իսկ նրանք, ովքեր ասում են, որ ունեն նախապես որոշված բնակատեղի, միայն մեկ-երկու մարդու տվյալ ենք վերցնում, որպեսզի հետո մնացածների առավել մանրամասն տվյալները լրացնենք մեզ մոտ՝ կարիքներին համապատասխան աջակցություն հոգալու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել