civilnet.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հորդորում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացներում ենթատեքստ չփնտրել։ «Այդ հարցում ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել»․ այս մասին նա ասել է այսօր՝ լրագրողների հետ զրույցում։
«Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն՝ երկու դուստրերն են հրավիրվել և հայրը: Ճիշտն ասած՝ առանձին անձինք ասել են՝ 16, 18 տարեկան, 20 տարեկան են, ես ասեմ՝ երեխաները 23, 25 տարեկան են եղել: Խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ հարցում՝ ամբողջականությունն ապահովելու համար»,- ասել է նա:
Մարտիրոսյանը նկատել է՝ իրենք նաև զանգահարել են Հրայր Թովմասյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել և հետագայում մեկնել է Մոսկվա:
«Մենք որպես բարի կամքի դրսևորում պարզապես ուզում էինք տեղեկացնել, որ այդպիսի խնդիր կա»,- ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։
comment.count (0)