2024 թ. պետական բյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար
 |news.am|
14:33 - 28 սեպտեմբերի, 2023

2024 թ. պետական բյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ 2024 թ. ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար։

«Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի պայմաններում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում պետք է ապահովենք նաև նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, քանի որ չունենք հստակ թիվ, թե քանի մարդ է բռնի տեղահանվել ՀՀ, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի մեծությունն անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,– հայտարարեց նախարարը։

Նրա խոսքով` 2024 թ. ՀՀ պետական բյուջեի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք նախատեսել են տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք մեր կյանքի անբաժան մասն են դարձել։

«Այս պայմաններում մենք բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, որոնց հիման վրա կազմում ենք մի շարք սցենարներ, որոնցից ընտրում ենք մեկը և դնում բյուջեի հիմքում։ Մնացած տարբերակները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել ռիսկերն ու դրանց հիման վրա ձևավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկներ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաև անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում»,– ընդգծեց նախարարը։

Նա վստահեցրեց, որ չնայած արտաքին ռիսկերին` ՀՀ տնտեսությունը շարունակում է դրսևորել բավական բարձր դիմադրողականություն։

«Տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ այս տարվա ընթացքում: Առաջին եռամսյակում արձանագրված 10.5 տոկոս տնտեսական աճը, իսկ 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին` տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.4 տոկոս աճը։ Այս պայմաններում 2023 թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում, որը ներկա միտումների պայմաններում կարող է նույնիսկ ավելին լինել»,-ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել