ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթներն ամբողջությամբ պատրաստ են. Ռոբերտ Ղուկասյան |1lurer.am|
10:23 - 30 սեպտեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթներն ամբողջությամբ պատրաստ են. Ռոբերտ Ղուկասյան |1lurer.am|

1lurer.am: Հակարիի կամրջից այն կողմ արդեն մեքենաների կուտակումներ չկան: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ շեշտելով՝ առաջնային խնդիրը, որ դրել էին, այն է՝ մարդկանց հոսքերը արագ կարողանալ սպասարկել 24 ժամ գրաֆիկով, հաջողվել է:

«Բայց միևնույն ժամանակ ունենք 45 ավտոբուսներ, որ Ստեփանակերտում են և շուտով կուղևորվեն Հայաստան: Այսօր Գորիսում աշխատանքային գրաֆիկը շատ ծանր էր օրվա առաջին կեսին, երբ 24 ավտոբուսներ այստեղ էին, մեր հայրենակիցները բոլորը ստացել են առաջին անհրաժեշտության սնունդը և բուժօգնությունը: Ճգնաժամը՝ մարդկանց առաջնային աջակցությունը հասցնելու, հաղթահարված է»,- ասաց նա:

Ղուկասյանը հայտնեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից արդեն Հայաստանում է մոտ 100 000-ը:

«Թվերն արագ փոխվում են, բայց ես տեղեկացված եմ, որ այլևս մեծ կուտակումներ չկան, մեքենաներ հազվադեպ են գալիս, մնում են այդ 45 ավտոբուսները, որ կարողանանք սպասարկել և անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի՝ զբաղվենք կացարաններում տեղավորված անձանց հաջորդ խնդիրներով: Սյունիքի մարզի գրեթե բոլոր հյուրանոցային և հյուրատնային ենթակառուցվածքներն այս պահին զբաղված են: Հաճախ մարդիկ գիշերում են, ապա մեկնում, առավոտյան նորից տեղեր են ազատվում, 1000-ից ավելի մարդիկ տեղավորված են Գորիս քաղաքում, որովհետև Գորիսը ԼՂ-ին ավելի մոտ է, մարդիկ իրար ճանաչում էին, շատերն իրենց ծանոթների տանն են: Քանի որ մեզ համար կարևոր էր ուղղակի հոսքը սպասարկել, այդ իմաստով Գորիսում հաշվարկելը դեռ անհնար է, վաղվանից կսկսենք»,- ասաց Ղուկասյանը:

Մարզպետը տեղեկացրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթներն ամբողջությամբ պատրաստ են, պահեստավորված են բազմաթիվ ապրանքներ, եթե առավոտյան պարզվի՝ արդեն շատ կառավարելի է իրավիճակը և կարելի է՝ մի մասը գնա, աշխատի այլ ուղղությամբ, ապա կարծում է՝ 2-3 օրվա ընթացքում կայցելեն յուրաքանչյուր քաղաքացու, որ բնակեցվել են Սյունիքում:

«Արդեն մեր գործընկերները, ովքեր կարիքի գնահատում են անում, կամփոփեն, ու կտանք հրատապ լուծումներ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել