Կիպրոսը դիտարկում է ԼՂ-ից տեղահանված հայերին ընդունելու ուղիները |hy.armradio.am|
10:34 - 30 սեպտեմբերի, 2023

Կիպրոսը դիտարկում է ԼՂ-ից տեղահանված հայերին ընդունելու ուղիները |hy.armradio.am|

hy.armradio.am: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումը։

«Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվել են իրենց պապենական տներից։ Անկասկած, Ադրբեջանի այս միակողմանի գործողությունները հանդիսանում են էթնիկ զտումների ակտեր և հետևաբար պետք է արժանանան միջազգային հանրության համանման ու վճռական արձագանքին»,- ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Կիպրոսն աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը՝ որպես սկզբունքներ և կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ռազմական գործողություններից՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա (1991թ․.)։

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ շարունակաբար բարձրացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ այլ միջազգային հարթակներում։

Նախարարությունը վերահաստատում է համապարփակ, շարունակական և ընդգրկուն երկխոսության իր կոչը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հասնելու համար։

Նախարարությունը նշել է, որ հաշվի առնելով Կիպրոսի և Հայաստանի միջև ավանդական պատմական և ամուր կապերը՝ ԱԳ նախարարը կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և նշել, որ Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ տեղահանված հայերին, որոնք վտարվել են իրենց նախնիների տներից:

«Ի թիվս այլնի՝ մենք դիտարկում ենք մի շարք տեղահանված հայերի մեր երկրում հյուրընկալելու ուղիները, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասված է նախարարության գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել