Մամ, բա իմ ծնունդը ե՞րբ ա գալու 
10:14 - 02 հոկտեմբերի, 2023

Մամ, բա իմ ծնունդը ե՞րբ ա գալու 

Սեպտեմբերի 28, Գորիս

Գորիսի հրապարակը վրանային ճամբար է հիշեցնում: Միջազգային և տեղական կազմակերպությունները սննդի և առաջին օգնության տրամադրման համար վրաններ են տեղադրել: Հյուրանոցներում տեղ չկա: Մի քանի ընտանիքներ բառացիորեն տեղավորված են նստարանների վրա, երևի գիշերվանից: 

Ավտոմեքենաների բարձած շարասյուների, հոգնատանջ դեմքերի նկատմամբ կարծես իմունիտետ եմ ձեռք բերել, իրար վրա բարձած ճամպրուկների կույտերին էլ աչքս վարժվել է, բայց այ ճամպրուկների վրա բազմած կամ դրանց արանքից ծիկրակող երեխաները… Դո՞ւք էլ էիք պատմության դասին մտածում, որ «գաղթից մազապուրծ փախած սովալլուկ մանուկներ» բառակապակցությունը մի տեսակ «հնացած է» արդեն: 

Երկու կին՝ ամեն մեկի ձեռքերում մի նորածին երեխա, արդեն կես ժամ է՝ հետուառաջ են քայլում: Նստարանին գլուխը մինչև ծնկները կռացած Լյուսյա տատն է՝ մի ձեռքին՝ ձեռնափայտը, մյուսում՝ խնամքով ծալված հեռախոսահամարների ցանկ: 87 տարեկան է: Եթե ես լավ լրագրող լինեի, կհարցնեի՝ տատի՛ ջան, ինչե՞ր ես տեսել էս 87 տարիների ընթացքում: Իսկ ես միայն ասում եմ. «Տատի ջա՜ն, ինչե՜ր տեսար էս 87 տարիների ընթացքում»: 

«Ես ու աղջիկս Ծաղկաձոր ենք ուզում, մենք էնտեղ բարեկամներ ունենք»,- կամաց, շատ մեղմ ձայնով պատասխանում է հարցիս, թե որտեղ պիտի գնան ու ինչի կարիք ունեն:  

Աղջիկը՝ Իննան, թեև երիտասարդ տեսքին, արդեն երեք թոռնուհի ունի: 11 ամսական Գաբրիելան, ասես հասկանալով ծնողների ցավը, լաց չի լինում, կապույտ կլոր աչքերով նայում է դեմքիս, հետո «առգրավում» է ձեռքս ու երկար խաղում կարմիր ներկած եղունգներիս հետ: Տեսնես ի՞նքը ինչեր տեսած կլինի 87 տարեկանում: 

Իննայի դուստրը նորածին երկվորյակների, մյուս մանկահասակ դստեր և ամուսնու հետ գնում է Ծաղկաձոր, որտեղ հարազատներից մեկը մեկսենյականոց տանը հյուրաընկալելու է 7-8 հոգու: Հաշվառման կետում Իննային և Լյուսյա տատին առաջարկել են երեք ուղղություն՝ Վարդենիս, Կապան կամ Մեղրի. երեքից էլ հրաժարվել են. չեն ուզում՝ ընտանիքը բաժանվի, համ էլ ախր «ընդեղ թխում են» (կրակում են): 

Ծաղկաձորում տեղ չկա: Մարզպետարանից ասում են՝ Հրազդանի շրջակայքում բոլոր հյուրանոցները զբաղված են, մարզպետարանի շենքում հավաքված մարդիկ սպասում են՝ տեղ ազատվի: Լյուսյա տատի ձեռքից թուղթը վերցնում եմ, վրան գրում հեռախոսահամարս, վստահում եմ՝ չի կորցնի: Այդպես էլ չզանգեցին: Երևի տեղավորվել են: 

***

Մարիայի (անունը փոխված է) տարեդարձը սեպտեմբերի 22-ին է: 3 տարեկան է, բայց արդեն երկու պատերազմ է տեսել: Ծննդյան մոմեր դեռ չի փչել: Իսկ առանց մոմերի էլ ի՞նչ տարեդարձ: Դրա համար մինչև հիմա հարցնում է. «Մամ, բա իմ ծնունդը ե՞րբ ա գալու»: 

***

Ալվինային անվանակոչել են տատի անունով: Վարդագույն բարուրի մեջ փաթաթված՝ ճչում է. դե հիմա ո՞վ չի ճչում: Հինգ օր է՝ ինչ ծնվել է, իսկ այնքա՜ն բան է տեսել: Հորն էլ է տեսել: Միայն մեկ անգամ: Դեռևս: Հրադադարից հետո դիրքերից իջել է, կնոջն ու երեխային ծննդատանն այցելելուց հետո գնացել է բենզին ստանալու: Ալվինայի հայրը անհետ կորածների թվում է: Իսկ տիկին Ալվինան հույս ունի՝ «может գտնվի խոխաս, Աստված փրկի»:  

Վիկտորյա Անդրեասյան

Լուսանկարը՝ Լյուսի Մանվելյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել