azatutyun.am: Ֆրանսիայի հետ ստորագրվելիք պայմանագիրը ոչ թե ռազմական դաշինք կազմելու, այլ ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ զենք ձեռքբերելու մասին է լինելու, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանը։
Ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Փարիզի որոշման մասին երեկ Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Արմեն Խաչատրյանն ասում էր՝ Հայաստանը Ֆրանսիայից զենք դեռ չի ստացել։ Իսկ ի՞նչ զենք է ակնկալում Հայաստանը՝ պաշտպանողական, թե նաև հարձակողական, Խաչատրյանն ասում էր՝ Ֆրանսիայի հետ բանակցություններում կլինի նաև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու հարցը։
Խաչատրյան. - Պաշտպանական զինատեսակների մասին կարող է խոսքը լինել, մեծ դաշտ է բացվել ռազմաուսումնական հաստատություններում սպայական բազային կրթությամբ կադրերի պատրաստելը, օրինակ, Ֆրանսիայի հետ: Շատ կարևոր հարց է այդ ուսումնական պրոցեսը:
«Ազատություն». - Իսկ հակաօդային պաշտպանությունը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ի հայտ եկավ, թե ինչքան խոցելի է, դրա շուրջ կա՞ն աշխատանքներ:
Խաչատրյան. - Հակաօդային պաշտպանությունն այսօր մեր կարևորագույն բացերից ու խնդիրներից մեկն է, հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո: Անցած տարի սեպտեմբերին էլ խոցվեցին մեր հակաօդային պաշտպանության օբյեկտներից: Նույնիսկ եթե որևէ բան չկորցնեինք և պահպանեինք այն, ինչը կար, միևնույն է դա այսօրվա իրավիճակին համահունչ չէ, հետևաբար նոր որակի պետք է հասցնել: Եվ մենք պետք է դիտարկենք աշխարհում լավագույն օրինակները ու նաև մեր առանձնահատկությունները, որ փոքր երկիր ենք, մենք անգամ ռազմավարական տարածքային խորություն չունենք, ըստ այդմ մենք արդեն պետք է կազմակերպենք մեր հակաօդային պաշտպանությունը:
Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։
comment.count (0)