Սոֆի-բինայի հանքավայրը կշահագործվի․ ընկերությունը նոր բաժնետեր ունի
 |hetq.am|
15:36 - 06 հոկտեմբերի, 2023

Սոֆի-բինայի հանքավայրը կշահագործվի․ ընկերությունը նոր բաժնետեր ունի |hetq.am|

hetq.am: «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն հաշտության համաձայնություն է կնքել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Դրանով հայցվոր կողմը, այսինքն՝ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հրաժարվել է իր բոլոր պահանջներից, քանի որ նախարարությունը պարտավորվել է ուժը կորցրած ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին հրամանը և վերականգնել ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ներառյալ` օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, լեռնահատկացման ակտը և ընդերքօգտագործման պայմանագիրը:

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն իր հերթին պարտավորվել է այս հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո ողջամիտ ժամկետում՝ 3 ամսվա ընթացքում, սկսել Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները:

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն պարտավորվել է համայնքի ղեկավարի և ավագանու հետ համաձայնեցնելով` Վայք համայնքում առնվազն 20 մլն դրամի սոցիալական ծրագրեր իրականացնել:

Այսպիսով, դատավոր Անի Հարությունյանը հունիսի 14-ի որոշմամբ վավերացրել է այս հաշտությունը և կարճել վարչական գործի վարույթը։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։  Այսինքն՝ առնվազն հոկտեմբերի 14-ից հանքավայրը պետք է շահագործվի։

Սոֆի-բինայի հանքավայրը, հիշեցնենք, բազմամետաղներ է պարունակում, այդ թվում՝ ոսկի, արծաթ, կապար և ցինկ։ Այն գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ գյուղի վարչական տարածքում։ Այդ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը տրվել է 2012 թվականին և վավեր է մինչև 2026 թվականը։ 

Զառիթափի վարչական ղեկավար Մամիկոն Մուրադյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ որևէ աշխատանք հանքավայրում դեռևս չի կատարվել, որևէ տեխնիկա տարածքում չկա։ Տեղյակ էլ չեն, թե երբ են նախատեսում սկսել հանքավայրի շահագործումը։

Հիշեցնենք՝ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը՝ 2020թ․ օգոստոսի 7-ի հրամանով, որովհետև Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայրում 2012թ․-ին ընդերքօգտագործման իրավունքը ստանալուց ի վեր արդյունահանման աշխատանքներ չէին իրականացվել։

2020թ․ հոկտեմբերից ընկերությունը դատական կարգով բողոքարկում էր այն, սակայն, ի վերջո, կողմերը որոշեցին հաշտություն կնքել։

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդուն և մերձավորներին էր պատկանում։ Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը, այնտեղ 40 տոկոս բաժնեմաս ուներ։ Սակայն այս տարվա մարտից իրական շահառուների հայտարարագրում նոր անուն է հայտնվել, և Լիանա Սուրենի Միքայելյանը դարձել է միակ իրական շահառու։

Լիանա Միքայելյանը «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Միքայելյանի կինն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել