ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը
18:27 - 09 հոկտեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը։ 25 963 անչափահաս անձանցից 17 139-ի վերաբերյալ այս պահի դրությամբ կան մուտքագրված դիմումներ․ գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Կարևոր դիտարկումներ․
  • վճարումն իրականացվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված անձանց վերաբերյալ առկա տվյալների հիման վրա՝ Կենտրոնական բանկի կողմից Միասնական սոցիալական ծառայությանը փոխանցվող քարտային հաշիվներին փոխանցելու միջոցով,
  • գումարը վճարվում է վճարային քարտերին փոխանցելու միջոցով՝ բացառությամբ 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն վճարային քարտեր, աջակցությունը կարող են ստանալ առձեռն՝ մոտենալով Հայփոստ կամ փոստատարի միջոցով,
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ինչպես նաև Կենտրոնական բանկից ստացվող նոր տվյալների հիման վրա կշարունակվեն վճարումները․ կկազմվեն նոր վճարման ցուցակներ և կուղարկվեն վճարման,
  • անչափահասների համար աջակցությունն ստանալու համար անհրաժեշտ տվյալներն առցանց դիմումով մուտքագրելուց հետո ստացվում է հաղորդագրություն՝ դիմումը հաստատելու կամ մշակման փուլում գտնվելու (հաշվառվելու) կամ մերժելու մասին։
Եթե նշվում է, որ դիմումը գտնվում է մշակման փուլում, ապա նոր դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ պետք է սպասել ներկայացված դիմումի հաստատման կամ մերժման մասին հաղորդագրություն ստանալուն։
 
Տեղահանված այն անձինք, ովքեր մինչև 18 տարեկան երեխաների համար դեռևս առցանց դիմում չեն ներկայացրել, պետք է՝
  • մուտք գործեն https://dimum.ssa.am հարթակ.
     
  • ընտրեն «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմեն «Դիմումի մուտքագրում» կոճակը.
  • լրացնեն էլեկտրոնային հասցե և սեղմեն «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը վերջինս կարող է լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը.
  • լրացնեն երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները (բացված էջում) և սեղմել «հաստատել» կոճակը.
  • գրանցեն երեխաների տվյալները՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։ Փաստաթղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը։
  • Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալներն ինքնաշխատ կհամադրվեն համապատասխան բազաների տվյալների հետ, և, եթե դիմումը չմերժվի, այն կփոխանցվի մշակման փուլ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել