Չենք պատրաստվում լքել Գազայի հատվածը և կշարունակենք պայքարը. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ
 |tert.am|
12:46 - 10 հոկտեմբերի, 2023

Չենք պատրաստվում լքել Գազայի հատվածը և կշարունակենք պայքարը. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի պատրաստվում լքել Գազայի հատվածը և կշարունակի պայքարը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով Պաղեստինցիներին՝ Գազայի հատվածը լքելու Իսրայելի կոչը ցեղասպանության նախապատրաստություն է։ 

«Սրանք պաղեստինցի ժողովրդին տեղահանելու և ցեղասպանության նախապատրաստման հստակ կոչեր են, և այդ պատճառով աշխարհը պետք է պայքարի նրանց դեմ այս հիմքի վրա», – ասել է Բադրանը:

Նշենք, որ Իսրայելի զինվորականները պաղեստինցիներին խորհուրդ են տվել լքել Գազայի հատվածն ու Եգիպտոս փախչել՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ շարունակվող պատերազմի ֆոնին։ 

«Ռաֆահի անցումը դեռ բաց է. ով կարող է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս գալ»,- արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին:

«Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։

Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել