Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հետաքննություն կանցկացնի Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու առնչությամբ |armenpress.am|
18:31 - 27 հունիսի, 2025

Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հետաքննություն կանցկացնի Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը տեղեկություններ է ստացել, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելի անօդաչու թռչող սարքերի որոշակի փոքր քանակություն Իրանի տարածք է մտել հարևան երկրների՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքից։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խնդրել է լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։  

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ընթացքում մամուլում տեղ գտած որոշակի հրապարակումներն այն մասին, որ Իրանի դեմ Իսրայելի հարվածներն իրականացվել են՝ օգտագործելով նաև Ադրբեջանի օդային տարածքը։  

«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ իսկ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Իլհամ Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին»,-ասել է դեսպանը։ 

Նա նաև մանրամասնել է, որ այդ տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից, և Իրանի արձագանքը մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։   

«Հնարավոր է, որ մեր թշնամին օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք Իսրայելի ​​ռեժիմին. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, դեռևս կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից, սակայն մենք պետք է մանրամասն տեղեկություն ստանանք, քանի որ չենք կարող առանց հստակության գնահատականներ տալ»,-նկատել է Սոբհանին։ 

Նշենք, որ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն Ալիևին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են, որ իսրայելական անօդաչու սարքերը և միկրոօդանավերը կարող են Իրանի օդային տարածք ներխուժած լինել Ադրբեջանի տարածքից։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել