Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ Սամվել Շահրամանյան
12:13 - 20 հոկտեմբերի, 2023

Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Այս մասին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց։

«Փաստաթղթի հետ կապված՝ ահագին հարցեր կան, որ ես էստեղ չեմ կարող ասել։ Էս փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։ Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով, Հ1-ի տաղավարում»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն ցուցում է տվել նախապատրաստվելու համար։

Նա նշեց, որ առաջիկայում անդրադառնալու է և՛ այս փաստաթղթին, և՛ այն փաստաթղթին, որ ստորագրվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով։

«Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել, մինչև վերջ կկանգնեինք, մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչությանը։ Մի ժամ հետո, եթե չդադարեր պատերազմը, կմտնեին քաղաք, խոխա կփրթեին»,- հայտարարեց նա։

Բակում Շահրամանյանի խոսքը չէր լսվում, նրան ընդհատում էին, նա առաջարկեց քիչ թվով մարդկանց հետ հանդիպել և մտավ ներս։

Սրանից հետո իրավիճակը դարձյալ լարվեց։  Մի խումբ քաղաքացիներ նորից անցան ոստիկանության շղթան և մտան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք։

Այս պահին դռները փակվել են, մի խումբ քաղաքացիներ էլ դրսում են։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ․ սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝

«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել