Փոխվարչապետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողներին աշխատավարձ վճարելու գործընթացի մասին |1lurer.am|
18:47 - 23 հոկտեմբերի, 2023

Փոխվարչապետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողներին աշխատավարձ վճարելու գործընթացի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունն աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի

ՀՀ Կառավարությունն աշխատավարձեր վճարելու կամ աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողների աշխատավարձի՝ մինչև տարեվերջ վճարելու գործընթացին:

Անդրադառնալով 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մշակված աջակցության ծրագրին (50-հազարական դրամի աջակցություն – խմբ.)՝ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ՀՀ Կառավարությունը, որևէ իրավական հիմք չունենալով, փորձում է ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ունենան բավարար ապահովվածություն:

«Երբ մենք հատուցման չափն էինք որոշել, նկատի ենք ունեցել նաև այն միջին աշխատավարձերը, որոնք մարդիկ կարող էին ստացած լինել, և մեր միջին հաշվարկները ցույց էին տալիս, որ, օրինակ, 1 ընտանիքի հաշվով՝ 200 հարյուր հազար դրամ, եթե ընտանիքը բաղկացած էր 4 մարդուց: Ինչո՞ւ եմ 4-ը հիշատակում, որովհետև մեր հաշվառման տվյալները հուշում են, որ 100 հազար հաշվառված մեր հայրենակիցները՝ բռնի տեղահանվածները, հենց մոտավորապես 25 հազար ընտանիք են ներկայացնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա այն չափն է, որը «գուցեև ինչ-որ պատճառներով վճարված չի եղել որոշ մարդկանց»:

Փոխվարչապետը նաև թվարկեց մինչև այժմ ՀՀ Կառավարության կատարած ծախսերը: Ըստ այդմ՝ 10 միլիարդ դրամ հատկացվել է 100-հազարական դրամների տրամադրման համար, բայց այդ թիվը հանրագումարով կարող է հասնել 11 միլիարդի:

Մարզպետարաններին տրամադրվել է մոտ 3 մլրդ դրամ, որպեսզի մարզերում լուծեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սննդով և կեցության պայմաններով ապահովելու հարցերը:

«40000+10000» դրամի աջակցության ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 միլիարդ դրամ: Ծրագրի համար ևս 3 միլիարդ դրամ, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի այս շաբաթվա ընթացքում, իսկ առաջիկա 5 ամիսների համար կհատկացվի 25 միլիարդ դրամ: Թվարկվածի հանրագումարը 43 միլիարդ դրամ է կազմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել