Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին
16:19 - 26 հոկտեմբերի, 2023

Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար պարտավորեցնող է լինել ՀՀ-ում առաջին դեսպանը: Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացումը կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների միջև ամուր կապեր ստեղծելու և համագործակցության հեռանկարներ նախանշելու համար:

Հանդիպման ընթացքում մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների, ընկերությունների գործունեության, զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, «Սևան ստարտափ սամիթ»-ին, Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսներին, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ավարտին դեսպան Էրիկ Դե Մույնքին հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև կապեր ստեղծելու և ամրապնդելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել