Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ
15:05 - 06 նոյեմբերի, 2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել  ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ։

Հոկտեմբերի 26-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:

Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մեր հայրենակիցների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում:

Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։

Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:

Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:

Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած:

Կարևոր դիտարկում․ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն:

Նշենք, որ այօսր արցախցիները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել․ նրանք պահանջում էին իրենց կենսաթոշակները:

«Այստեղ հավաքվել են երկու խումբ մարդիկ՝ մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը զինվորական թոշակառուներն են՝ ուժային կառույցների երկարամյա ծառայության համար։ [...] Փաստորեն, ստացվում է էնպես, որ էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մի մասնիկ, հիմա մենք պետք չենք, մեր 20-ից ավելի տարիների կենսագրությունը ջնջում են։ Մենք հիմա էստեղ ո՛չ բունտ ենք անում, ո՛չ ուրիշ բան, ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան», - նշել էր արցախցիներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել