ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն
13:48 - 17 նոյեմբերի, 2023

ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն

ՀՀ քննչական կոմիտեում Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ըստ ստացված ահազանգի՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վայրում՝ նշված ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Ձևավորվել է քննչական խումբ, սկսվել է նախաքննություն։

Ներկա պահին քննիչները դեպքի վայրում են՝ իրականացվում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհրաժեշտ այլ անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ՝ կատարվածի պատճառները, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել