«Դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել». Ռոբերտ Խաչատրյանը՝ ՏՏ ընկերությունների դրամաշնորհների մասին |hetq.am|
19:11 - 17 նոյեմբերի, 2023

«Դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել». Ռոբերտ Խաչատրյանը՝ ՏՏ ընկերությունների դրամաշնորհների մասին |hetq.am|

hetq.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին՝ անդրադարձել է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ կնքված դրամաշնորհային պայմանագրերին։ Նոյեմբերի 14-ին «Հետքը» հոդված հրապարակեց այն մասին, որ ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհային պայմանագրեր է կնքել գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունների հետ, իսկ ընկերություններից մեկը՝ «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ն, որին որպես դրամաշնորհ փոխանցվել է 46 մլն դրամ, լուծարման գործընթաց է սկսել հենց դրամաշնորհային պայմանագրի կնքման օրը։ «Ինչո՞ւ է ԲՏԱ նախարարությունը պայմանագրեր կնքել այս ընկերությունների հետ» հարցին նախարար Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց․

«Աջակցություն ստանալը և դիմումը, որ իրենք ներկայացրել են, տարբեր ժամանակներ են եղել։ Մենք դիմումը ընդունելու ժամանակ ենք նայել՝ այդ ընկերությունների չափանիշները համապատասխանո՞ւմ են, թե չեն համապատասխանում, դրանից հետո անցել է երևի թե չորս ամիս, թե վեց ամիս, որ գումարը իրենք ստացել են, այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե չի կարողացել գնալ առողջացման, մենք այդ մասով հսկողություն չենք նախատեսել։ Դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել, այո, բնական պրոցես է այնքանով, որ դա ընկերության որոշումն է, կարող է ժամանակավոր դադարեցնի, կարող է նաև գնա լուծարման գործընթացի, բայց ժամանակավոր դադարեցված ընկերությունները գումարը ստանալուց հետո համարվում են գործող ընկերություն, և ժամանակավոր դադարեցում չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ լուծարման գործընթացի մեջ է գտնվում, և բազմաթիվ ընկերություններ կան, որ ժամանակ առ ժամանակ դադարեցնում են իրենց գործունեությունը, հետո վերսկսում են»։

Նախարար Խաչատրյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու չի հրապարակվել ընկերությունների ցանկը, որոնց հետ դրամաշնորհային պայմանագրեր են կնքվել։ Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։

«Այդ ամեն ինչը (պայմանագրերը-խմբ.) ի սկզբանե հրապարակված է եղել, այո՛, տեխնիկական խնդիր է եղել, մենք, գուցե, մեր պատասխանի մեջ այնպես չենք պատասխանել, որ ամեն ինչը հրապարակված է, բայց առաջին իսկ օրվանից ամեն ինչ հրապարակված է եղել, նույն ձեր գործընկերները այդ տվյալներից օգտվելով են այս վերլուծությունը արել»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել