Արդարադատության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին
12:45 - 12 նոյեմբերի, 2019

Արդարադատության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին:

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Լիտվայի Խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

Գործընկերության զարգացման համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև Լիտվայի արդարադատության նախարարի՝ առաջիկա օրերին նախատեսվող այցը Հայաստան և ընդգծել, որ գործընկերոջ հետ խոստումնալից քննարկում է սպասվում բարեփոխումների լայն օրակարգի շուրջ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքները նյութականացնելու գործընթացները, մասնավորապես՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև Ռազմավարական փաստաթղթով ամրագրված էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը՝ երկուստեք ընդգծելով, որ այն կնպաստի դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել