ՀՀ-ն մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում. Խաչատուրյան
 |armenpress.am|
13:57 - 22 նոյեմբերի, 2023

ՀՀ-ն մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում. Խաչատուրյան |armenpress.am|

armenpress.am: Իրաքը հանդիսանում է մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը։  Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձերդ գերազանցության գլխավոր պատվիրակությունը։ Ձեր այցը հիրավի պատմական է, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դուք Իրաքի առաջին նախագահն եք, ով պաշտոնական այց է կատարում Հայաստան։ Վստահ եմ, որ ձեր այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև խորացման, ընդլայնման հզոր լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը»,-ընդգծեց Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր արաբական երկրների հետ հարաբերությունները զարգանում են փոխվստահության և ջերմ բարեկամության մթնոլորտում։

«Այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում։ Երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ առևտրային և տնտեսական հարաբերություններից մինչև կրթամշակութային, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ։ Մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար հաստատուն հիմք են հանդիսանում  ինչպես հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, այնպես էլ Իրաքում դարերի պատմություն ունեցող հայ համայնքի առկայությունը։

Հայ ժողովուրդը երախտապարտ է Իրաքի բարեկամ ժողովրդին, հատկապես Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին հյուրընկալելու, ապաստան տրամադրելու համար։

Ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել բարեկամ Իրաքի իշխանություններին՝ իրաքահայերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու և կյանքի բնական կենսագործունեության համար բոլոր պայմանները ապահովելու համար։ Իրաքը հանդիսանում է մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը»,-ասաց Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմանը, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում։

«Արդյունավետ եմ գնահատում պարոն նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Իմ հարգարժան գործընկերոջ հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-իրաքյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները։

Գոհունակությամբ ընդգծեցինք վերջին տարիներին Իրաքի հետ ապրանքաշրջանառության ծավալների նկատելի աճը։ Միևնույն ժամանակ վստահություն հայտնեցինք, որ այս ցուցանիշները կարող են ավելի աճել։ Բարձր գնահատեցինք Բաղդադում սույն թվականի սեպտեմբերի 12-ից 13-ը կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը»,-նշեց Խաչատուրյանը։

Հայաստանի և Իրաքի նախագահների հետ հանդիպմանը նաև հանգամանալից անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի արտադրության, ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման, սննդի և թեթև արդյունաբերության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներին որպես առավել հեռանկարային ուղղություններ։

«Առանձնահատուկ ընդգծեցինք բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում երկկողմ, շահավետ համագործակցության զգալի ներուժի կարիքը։ Այս առնչությամբ նշեցի, որ Հայաստանը պատրաստ է իրաքյան կողմին փոխանցել այս ոլորտում տարիների ընթացքում կուտակված իր հաջող փորձը»,-հավելեց Խաչատուրյանը։

Հայաստանի և Իրաքի նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները խորացնելու երկու կողմերի պատրաստակամությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել