Եթե նախազգուշական դասադուլով որևէ արդյունքի չհասնեն, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունների դեմ ցույցերը կշարունակվեն ԱԺ բակում ավելի մեծ մասշտաբով
18:00 - 06 նոյեմբերի, 2019

Եթե նախազգուշական դասադուլով որևէ արդյունքի չհասնեն, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունների դեմ ցույցերը կշարունակվեն ԱԺ բակում ավելի մեծ մասշտաբով

Այսօր առավոտվանից Երևանի պետական համալսարանի hայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են իրականացնում։ Դասադուլի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն է այն մասին, որ «Հայոց լեզու և գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնալու են ոչ պարտադիր։

Ինչպես պարզ է դառնում վերոնշյալ նկարից, դասադուլի կազմակերպիչն է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։ Գևորգ Գյուլումյանը մեկ օր առաջ իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ լինելու է դասադուլ, և ցանկացողները կարող են միանալ։

Ուսանողական խորհուրդի ներկայացուցիչ Սոնան մեզ հետ զրույցում ասաց․

«Մենք սովորում ենք հայ բանասիրության ֆակուլտետում և հասկանում ենք մեզ մոտալուտ սպասվող վտանգը, այդ իսկ պատճառով այսօրվա պայքարը հենց մեզ համար է, քանի որ եթե այսօր որոշել են հանել այդ առարկաները, ապա վաղը կորոշվի, որ այդպիսի մասնագիտություն մեր երկրին պետք չէ, իսկ այդպես մեր հասարակությունը կգնա դեպի տգիտություն»,-  մեզ հետ զրույցում ասաց Ուսանողական խորհուրդի ներկայացուցիչ Սոնան ։

Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Պողոսյանը նշեց, որ կարևորագույն առարկաներ են, որոնք հանելու փոխարեն կարելի է հանել այլ առարկաներ, որոնց անհրաժեշտությունը չկա, սակայն իրենք անցնում ենք, իսկ ինչ վերաբերում է դպրոցի գիտելիքներին, դպրոցում հիմքը շատ թույլ է, և կարիք կա ամրապնդելու, քանի որ ամեն մարդ պետք է որոշ չափով իմանա իր պատմությունը, լեզուն ու գրականությունը։

Իսկ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ինեսա Ոսկանյանն ասաց․

«Մենք գիտենք, որ այս ամենի հետևանքով կկրճատվեն շատ աշխատատեղեր, բացի դրանից՝ մեր հաջորդ սերունդներին հարկավոր է ունենալ կրթված ուսուցիչներ։ Խնդիրն այն է, որ դպրոցները չեն ապահովում գիտելիքի հիմքային պաշարը։ Մենք դպրոցից եկել ենք բուհ և հասկացել, որ չունենք բավարար չափով գիտելիք, հասկացել ենք, թե ինչքան բաներ կան, որ չեն ասվել։ Վտանգի տակ են դրված նաև Հայոց եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաները։ Զինվորը նախ կրթվում է դպրոցում, եթե այդ մինիմալ կրթությունը չլինի, նա ինչպե՞ս պիտի բանակ գնա՝ առանց իմանալու, թե զենքը ինչ է, կամ ինչպես են բռնում»։

Այն հարցին, թե ովքեր են հավաքի հեղինակները, արդյո՞ք որևէ կառույց կա, որը կազմակերպել է, ուսանողների մի մասը պնդեց, որ հավաքի հեղինակները և՛ ուսանողներն են, և՛ դասախոսները, միահամուռ ուժերով որոշել են և պատրաստ են մինչև վերջ գնալ։ Որոշ ուսանողներ էլ ասացին, որ նրանց ասվել է, թե ներկա-բացակա է արվելու, և պարտադիր բոլորը պետք է ներկա լինեն դասադուլին։

Բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանի կարծիքով` օրենքի ընդունումից հետո մայրենին կորցնելու է իր դերն ու նշանակությունը.

«Մայրենիի կորուստը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ է նշանակում մեր նման փոքր ազգի համար, ինչու են երեխաներին առաջին դասարանից պատրաստում, եթե այսօր չի կիրառվելու»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը նույնպես միացավ ուսանողներին։ Նա ասաց, որ դեռևս վեց տարի առաջ գիտխորհրդի որոշմամբ, «Հայոց լեզու և հայ գրականություն», իր կարծիքով, շատ ընդհանրական և մի քիչ էլ անորոշ բովանդակություն ունեցող ձևակերպման դեմ հանդես են եկել, և հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն առաջարկել է նոր առարկա, որը կոչվում է՝ «Խոսքի մշակույթ»։ Այդ ժամանակից վեց տարի է անցել, դասագիրք է գրվել, և հիմա այստեղ ոչ ոք չի անցնում «Հայոց լեզու և գրականություն» անվամբ ընդհանրական առարկա։

Ավելի ուշ բանասերներին միացան պատմության ֆակուլտետի ուսանողները։ Ֆակուլտետի առաջ հավաքված ուսանողները նախարար Արայիկ Հարությունյանին կոչ արեցին՝ «Պատվո՛վ հեռացիր»:

Նախարարությունը հաղորդագրություն տարածեց` հիշեցնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր:

Դասախոսներին անհանգստացնում է այն փաստը, որ մեր համալսարանները համեմատում են Օքսֆորդի և Հարվարդի համալսարանների հետ` հաշվի չառնելով, որ Հայաստանում չկա այդ կրթական մակարդակը։ Ասվեց, որ եթե այս նախազգուշական դասադուլով որևէ արդյունքի չհասնեն, ցույցերը կշարունակվեն ԱԺ բակում՝ ավելի մեծ մասշտաբով։

 

Օֆելյա Նահապետյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել