news.am: Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում է գործով տուժող Լեւոն Խառատյանը։
Նա պատմեց, որ կացարանում ունեցել են գեներատորներ, որոնց համար էլ իրենց տրվել է բենզին, ինչպես նաեւ դիզվառելիք՝ տրակտորների համար։
«Սայլարկան պահվել է բոչկաների մեջ՝ դուրսը, բենզինն էլ՝ չուլանում։ Սայլարկան ավտոմեքենաների կայանման հատվածում էր»,- ասաց տուժողը։
Նա պատմեց, որ կացարանում փայտի համար նախատեսված վառարան են ունեցել․ «Ունեցել ենք նաեւ պլիտա, որը վառում էինք քնելու սենյակում։ Վառարանը ծառայողներից մեկի տնից էինք բերել, բայց չեմ հիշում՝ ում տնից։ Փայտն էլ բերել էինք հանքից»։
Խառատյանն ասաց, որ մինչեւ այդ վառարանն ունեցել են նաեւ այլ վառարան, որը հնացել էր եւ հաճախակի էր ծուխը տուն լցվում։
«Զոդի հանքից գերաններ էինք բերել։ Վերադասներն էին ասել, վաշտի հրամանատարը մինչեւ չասեր մենք չէինք կարող գնալ, փայտ բերել, ինչքան հիշում եմ վարորդն էր մեզ հետ եկել»։
Տուժողի խոսքով՝ վառարանը տակդիր չի ունեցել, միանգամից փայտե հատակի վրա է դրվել․ «Ուներ դուխովկայի նման բան, որի մեջ պլեճ էինք սարքում»։
Գործով մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս էին զինծառայողները գործարկում վառարանը, տուժողը պատմեց․ «Փայտերը լցնում էինք, սայլարկան ու թեփը խառնում էինք իրար ու դրանք էլ լցնում։ Բոլորս էլ հասկանում էինք, որ վառարանը բենզինում չեն վառում»։
Հարցին՝ արդյո՞ք վերադասից որեւիցե ներկայացուցիչ իրենց ասել է՝ ինչպես գործարկել, Խառատյանն ասաց․ «Որեւէ մեկը մեզ չի ասել, թե ինչպես վառել վառարանը»։
Դատախազը հարցրեց, թե վառարանը վառելու պարտականությունը ո՞ւմ վրա էր, Խառատյանն ասաց, որ կոնկրետ պատասխանատու չկար․ «Ով ներսն էր լինում, նա էր վառում։ Վառարանը գիշերները հիմնականում չէր հանգում, հազարից մեր էր հանգում, դա էլ էն դեպքում, եթե վառարանի ծուխը լցվում էր, տանում դատարկում էինք, նորից վառում։ 3-4 օրը մեկ հանում վառարանը մաքրում էինք։ Մենք տեսնում էինք որ ծխում է, հանում թափ էինք տալիս»։
Հարցին՝ արդյո՞ք իրենց այցելում էին վերադասից, տուժողը պատմեց․ «Ծառայության պետը՝ Տիգրանը, միշտ գալիս էր։ Թիկունքի պետին մեկ կամ երկու անգամ եմ տեսել, Եղիշեին նույնպես տեսել եմ։ Նախարարությունից մի անգամ եկել են, բայց չեմ հիշում վառարանն այդ ժամանակ դրված էր, թե՝ չէ»։
Տուժողը պատմեց, որ կացարանում հակահրդեհային պաշտպանության միջոցներ չեն ունեցել, միայն շինարարական աշխատանքներ կատարելու բահերն են եղել։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։
comment.count (0)