Սուրեն Պապիկյանը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
14:06 - 12 դեկտեմբերի, 2023

Սուրեն Պապիկյանը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն մեկնարկել է դիմավորման հանդիսավոր արարողությամբ՝ Կիպրոսի ազգային գվարդիայի պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պետական օրհներգերը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում վերահաստատել են հագեցած օրակարգով համագործակցելու պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել