news.am: Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք դեմ են նոր օրենքին, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։
Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։
«Դեմ ենք 30-ին» վանկարկումներով նրանք վրացական համարանիշները ձեռքներին՝ շրջում են Հանրապետության հրապարակում. «Այստեղ հավաքվել ենք վրացական համարանիշներով մեքենաների վարորդներով, որոնք դրանք շահագործում են։ Ամեն մեկը դա գնել է իր համար։ Կառավարությունից որոշում է ընդունվել, որ մեքենաները սուբսիդավորման ծրագրով պետք է մաքսազերծվեն, որն իր մեջ պարունակում է 30 տոկոս։ Դա լուծում չի հարցին, ստացվում է, որ մեզ հարկադրված տանում են մաքսազերծման։ Այսօր ոչ ոքս դրա հնարավորությունը չունի։ 25 օր ժամանակ են տվել։ Խոսքը 2 մլն և ավելի դրամի մասին է։ Դիմացն էլ Նոր տարի է, ոչ մեկն էլ այդ գումարը չունի։ Այդ մեքենաների վարորդները ավելի էժան են գնել ու բերել մեքենաները և հիմա դրա գնից ավելի թանկ պահանջում են մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ այդ 30 տոկոսը և բնապահպանության հարկը վերանայվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Նշենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն եւ դրա համար պետությունը որոշակի չափով սուբսիդավորում է: Մասնավորապես, մինչեւ 5 տարի տարիք ունեցող մեքենաների համար պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքի 30 տոկոսը, իսկ 5 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաների համար՝ 70 տոկոսը: Մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսատուրքի 30 տոկոսը:
comment.count (0)