ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է հերթական՝ 2023 թվականի՝ այցերով և միջոցառումներով հագեցած գուցե վերջին շաբաթը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում:
«Դեկտեմբերի 11-12-ը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի այցը Բրյուսել և մասնակցությունը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը. առանձնահատուկ ձևաչափ հանգամանալից քննարկելու ՀՀ-ԵՄ հեռանկարները և տարածաշրջանային հարցեր։
Տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը շեշտադրեց ԱլԳ ձևաչափի վերաբերյալ ՀՀ պատկերացումները։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 14-ին նախարար Միրզոյանը շնորհավորեց Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային՝ Եվրոպական խորհրդի կողմից կայացված որոշումների համար։
Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Նախարար Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում գործընկերների, այդ թվում՝ Լիտվայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հետ։
Ինչպես դեկտեմբերի 13-ին Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշեց ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, խորհրդանշական էր, որ «մենք նույն ինքնաթիռով ժամանեցինք Երևան»՝ անցկացնելու Էստոնիայի ԱԳ նախարարի աշխատանքային այցը Հայաստան. երկար դադարից հետո արտաքին քաղաքական ղեկավարի մակարդակով կարևոր այց։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչել են դիրքորոշումներ Հայաստան-Էստոնիա, ՀՀ-ԵՄ գործընկերության, տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարությանն աջակցության, ինչպես նաև Էստոնիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու վերաբերյալ։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարը նախագահեց Հայաստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Վերջինս ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից էր. մասնակցում էր 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում էին դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 14-ին ստորագրվեց Բոտսվանայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարություն. վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ երկիրը Սաուդյան Արաբիայից հետո, որի հետ ՀՀ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ»,- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից
comment.count (0)