Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
20:14 - 13 մայիսի, 2025

Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են փոխանակել ԵՄ և ԵՄ հարևանությամբ զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը նոր կարևոր հանգրվան կլինի ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման ճանապարհին։ 

Հայաստանի և Լյուքսեմբուրգի նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա՝ աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում։ 

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել