«Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստներին
17:26 - 26 դեկտեմբերի, 2023

«Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի շրջանակում ընդունել է թիմի լեգենդար ֆուտբոլիստներին:

ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Արկադի Հարությունյանը:

Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ «Արարատ-73»-ի նշանակալի դերակատարումը:

«Դուք այնպիսի տոն ու բերկրանք եք նվիրել մեր ազգին, որ մինչև հիմա ձեր նվաճումը բոլոր ժամանակների ամենավառ հաղթանակներից մեկն է: «Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է, մեր սպորտի փառավոր ու պանծալի էջերից: Ձեր սխրանքը ոչ միայն չենք մոռացել, այլև շատ թանկ ենք գնահատում»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, նախատեսում էր կազմակերպել տոնական միջոցառում՝ «Արարատ-73»-ի հաղթանակների հոբելյանի առթիվ: Այն պետք է տեղի ունենար 2023 թվականի աշնանը, սակայն սեպտեմբերի 19-ի և դրան հաջորդած իրադարձությունների պատճառով տոնակատարությունները հետաձգվեցին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ միջոցառումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2024 թվականի առաջին կիսամյակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախատեսվում է նաև հրատարակել Հայկական սպորտի տարեգիրք, որում «Արարատ-73»-ն իր ուրույն տեղն անպայման ունենալու է:

Հանդիպման ընթացքում լեգենդար ֆուտբոլիստները կիսվել են իրենց հուշերով, հետաքրքիր դրվագներ ներկայացրել իրենց մարզական անցյալից:

1973 թվականին «Արարատը» մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել