Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ 

Ծնվել է 1970 թ. ապրիլի 26, ք. Ախալքալաքում (Վրաստան)։ 

1996-2000 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում (ավարտել է գերազանցությամբ), 1987-1993 թթ.՝ ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետում (ավարտել է գերազանցությամբ)։

2020 թ.-ից ՀՖԿՍՊԻ դասախոս է, 2018 թ. եղել է բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ։ 2016-2020 թթ.՝ Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար, 1996-2016 թթ.՝ Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան, 2007-2014 թթ.՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար։

2005 թ.-ից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, 2002-2019 թթ.՝ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2019-2021 թթ.- նախագահի տեղակալ, 2000 թ.-ից՝ Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, 1995թ.՝ «Նորք» հեռուստատեսության «Լուրեր» բաժնի լրագրող։

1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը։ Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն: 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:

1988-1989 թթ. ծառայել է բանակում, ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար։

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին:

2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ։

«Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստներին

«Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի շրջանակում ընդունել է թիմի լեգենդար ֆուտբոլիստներին: ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Արկադի Հարությունյանը: Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ «Արարատ-73»-ի նշանակալի դերակատարումը: «Դուք այնպիսի տոն ու բերկրանք եք նվիրել մեր ազգին, որ մինչև հիմա ձեր նվաճումը բոլոր ժամանակների ամենավառ հաղթանակներից մեկն է: «Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է, մեր սպորտի փառավոր ու պանծալի էջերից: Ձեր սխրանքը ոչ միայն չենք մոռացել, այլև շատ թանկ ենք գնահատում»,- նշել է Կարեն Գիլոյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, նախատեսում էր կազմակերպել տոնական միջոցառում՝ «Արարատ-73»-ի հաղթանակների հոբելյանի առթիվ: Այն պետք է տեղի ունենար 2023 թվականի աշնանը, սակայն սեպտեմբերի 19-ի և դրան հաջորդած իրադարձությունների պատճառով տոնակատարությունները հետաձգվեցին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ միջոցառումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2024 թվականի առաջին կիսամյակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախատեսվում է նաև հրատարակել Հայկական սպորտի տարեգիրք, որում «Արարատ-73»-ն իր ուրույն տեղն անպայման ունենալու է: Հանդիպման ընթացքում լեգենդար ֆուտբոլիստները կիսվել են իրենց հուշերով, հետաքրքիր դրվագներ ներկայացրել իրենց մարզական անցյալից: 1973 թվականին «Արարատը» մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:
17:26 - 26 դեկտեմբերի, 2023
Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը շնորհավորել է Նոել Միքայելյանին վերջին հաջողության առթիվ և հետագա հաջողություններ մաղթել նրան. «Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի պատիվը մշտապես բարձր պահելու և ներդրած ջանքերի համար: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենանք հնարավորը՝ մեր երկիրն ավելի հեղինակավոր դարձնելու համար: Հայաստանում երկրպագուների մեծ բանակ ունեք, որոնք հետևում են Ձեր մրցելույթներին և ուրախանում արձանագրված հաջողություններով»: WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը նպատակաուղղված աշխատանքներ է տանում Հայաստանի տեղն աշխարհի սպորտային քարտեզում ամրագրելու ուղղությամբ: «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը պարբերաբար դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների հավաքատեղի: Մենք պետք է դուրս չմնանք աշխարհի սպորտային քարտեզից, հակառակը՝ դրանում ունենանք մեր հստակ տեղը՝ Հայաստանում պարբերաբար անցկացնելով բարձրակարգ մրցումներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանն արդեն աշխարհի ու Եվրոպայի 6 առաջնություններ է անցկացրել՝ բռնցքամարտ, ծանրամարտ և սամբո մարզաձևերից: Կարեն Գիլոյանը չի բացառել Հայաստանում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներ հյուրընկալելու հնարավորությունը: Անդրադառնալով Մայամիում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտին՝ Նոել Միքայելյանը տեղեկացրել է՝ 2 տարի պրոֆեսիոնալ ռինգ դուրս չէր եկել. «Տևական ժամանակ բանակցում էինք WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացնելու շուրջ: Վերջին անգամ WBC Silver գոտու համար էի մենամարտել ու հաղթել: WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտս շատ կարևոր էր, իսկ մրցակիցս՝ Կոնգոյի ներկայացուցիչը, բավականին ուժեղ մարզիկ. նա 3 տարի չեմպիոն է եղել: Արդյունքում՝ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս»: Նոել Միքայելյանը ծնվել է Հայաստանում, մեծացել է Գերմանիայում, իսկ այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Միքայելյանը WBO երիտասարդական ու WBO International վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է: Ընդ որում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել է 21 տարեկանում, երբ համալսարանում որոշել է կիսատ թողնել իրավաբանական կրթությունը, քանի որ միշտ երազել է սպորտային կարիերա ստեղծելու մասին: Այս ընթացքում անցկացրել է 28 մենամարտ և տարել 26 հաղթանակ: 33-ամյա բռնցքամարտիկը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո և ընդգծում՝ դա իր համար մեծ պատիվ է: «Շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Յուրաքանչյուրս մեր ասպարեզում պետք է փորձենք լավ հետք թողնել՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրում, որպեսզի հետագայում օրինակ լինենք նոր սերնդի համար: Ամեն կերպ ցանկանում եմ օգնել Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: Նաև բարեգործական նախաձեռնությունների եմ մասնակցում ու շատ ուրախ եմ, որ կարողանում եմ որոշակի ներդրում ունենալ նաև իմ հայրենիքի զարգացման գործում»,- եզրափակել է Նոել Միքայելյանը:
15:42 - 27 նոյեմբերի, 2023
Գյումրին հյուրընկալելու է ոչ թե ԱՊՀ խաղերը, այլ՝ սպորտային համաժողով. Գիլոյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը |armenpress.am|

Գյումրին հյուրընկալելու է ոչ թե ԱՊՀ խաղերը, այլ՝ սպորտային համաժողով. Գիլոյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2024 թվականին կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, իսկ Գյումրին հռչակված է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝  մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով վերջինը հաջորդ տարի Գյումրիում ԱՊՀ խաղերի հաջող անցկացման հույս էր հայտնել: «Ինֆորմացիան սխալ է. 2025 թվականի ԱՊՀ խաղերն ընդունելու է Ադրբեջանը: Գյումրին հայտարարված է 2024 թվականի ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Սպորտի հանձնաժողովի նախագահ մեկ տարով ընտրված եմ ես: Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ֆորումը, բայց մեր հյուրերը կլինեն նաև Ծաղկաձորում և Երևանում: ԱՊՀ երկրները համաժողովին ներկայացված կլինեն նախարարի կամ փոխնախարարի մակարդակով: Այնպես, ինչպես անցած տարի Հայաստանը մասնակցել է Տաշքենդում կայացած նման համաժողովի»,-ասաց նա:
18:27 - 13 հոկտեմբերի, 2023
Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք
 |armenpress.am|

Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք |armenpress.am|

armenpress.am: Գյումրին ճանաչվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք, որտեղ կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Նման որոշում կայացավել է Մինսկում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստում: Բացի այդ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում մեծ տեղ է տրվում սպորտին: Կամաց-կամաց շատ ավելի սերտ են դառնում հարաբերությունները, միջոցառումներն էլ՝ շատ ավելի հեղինակավոր: Կարևոր էր նաև սպորտային մայրաքաղաք ճանաչելու հարցը: 2024 թվականին սպորտային մայրաքաղաք կլինի Գյումրին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինիս խոսքով` սպորտային մայրաքաղաք լինելուց զատ, Գյումրիում կանցկացվեն նաև համաժողովներ: «Սպորտային մայրաքաղաքի ընտրության մի քանի տարբերակ կար, բայց ներկայացրեցինք Գյումրին, ներկայացրել ենք, թե ինչ հաջողությունների են հասել գյումրեցի մարզիկները։ Քանի որ այժմ Գյումրիում կառավարության աջակցությամբ կառուցվում է մեծ սպորտային համալիր` Արթուր Ալեքսանյանի անվան համալիրը, ցանկացանք, որ նրանք էլ իրենց աչքերով տեսնեն, որ սպորտը Հայաստանի կառավարության կողմից լուրջ ուշադրության է արժանանում»,-ասաց նա: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ղեկավարումը կընդունի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
11:24 - 08 օգոստոսի, 2023
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ: Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը: Երևանում ընթացող առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը. 60 կգ քաշայինների եզրափակչում նա վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթողների պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:
21:54 - 03 մայիսի, 2023
Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք. Արայիկ Հարությունյանը` բռնցքամարտի ԵԱ-ի մասին
 |armenpress.am|

Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք. Արայիկ Հարությունյանը` բռնցքամարտի ԵԱ-ի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը համարում է լավ կազմակերպված: «Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված: Մենք ամեն ինչ արել ենք, և ֆեդերացիան մեծ ջանք է գործադրել լավ արդյունք ունենալու համար: Կառավարությունն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերել: Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք, որ Հայաստանը դիրքավորենք որպես մարզական երկիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Վերջինս շեշտեց, որ բանակցությունները միջազգային ֆեդերացիաների հետ շարունակվում են այս կամ այլ մրցաշարերը կրկին Հայաստանում ընդունելու համար: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ:  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը բարձր գնահատականի է արժանի: «Կազմակերպչական առումով այս առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ ամեն ինչ արվեց, որ այս առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցնի և այդպես էլ եղավ»,- ասաց Գիլոյանը: Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին այս մեդալներով հանդերձ ապագայում դեռ իր խոսքը կասի:  Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ: 
21:14 - 03 մայիսի, 2023
Հայաստանը կարող է զրկվել աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից. Գիլոյան |armeniasputnik.am|

Հայաստանը կարող է զրկվել աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից. Գիլոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանը կարող է զրկվել 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից։ Այս մասին զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Մենք գործնականում մինչև միջադեպը ստացել էինք 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը, դա բացառիկ հնարավորություն էր լինելու, բայց դեպքից հետո մեզ կարող են չտալ այդ իրավունքը»,– ասաց փոխնախարարը։   Կարեն Գիլոյանը, սակայն, հավելեց, որ հայկական կողմը հիմա էլ շարունակում է բանակցել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ` իրավիճակը մեղմելու համար։   «Փորձում ենք համոզել , որ ադրբեջանցիները ֆիզիկական անվտանգության խնդիր չեն ունենցել։ Թիմի անվտանգությունը մենք ապահովել ենք։ Փորձում ենք անել ամեն ինչ, որ հետևանքները բարդ չլինեն»,– ասաց Գիլոյանը։   Նա նաև հավելեց, որ եթե անգամ պատժամիջոցներ լինեն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նկատմամբ, դրանք շատ լուրջ չեն լինի։     Հիշեցնենք, որ երեկ Մուհամմեդ Ջալուդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նկատել էր, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024 թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել և այրել այն։ Ապա Ադրբեջանից հայտնեցին, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից նշել էին, որ Հայաստանն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, իսկ բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ հայտարարել էր, որ  միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար․ «Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանն ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»։
21:03 - 15 ապրիլի, 2023
Միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար. Կարեն Գիլոյան |armenpress.am|

Միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար. Կարեն Գիլոյան |armenpress.am|

armenpress.am: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: Հարցազրույցում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:    «Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-շեշտեց փոխնախարարը: Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվեց, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա: «Այո, միջադեպը սպորտային չէ և տխուր փաստ է: Բայց իրենք հասկանում են, որ արարքը պարզապես անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ: Հիմա փորձում ենք մեղմել վիճակը: Եթե նախօրեին մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, ապա այսօր այն բավականին նվազել է»,- նկատեց նա: Ավելի վաղ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել:
18:48 - 15 ապրիլի, 2023
Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագիրը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է ՀՀ մշակույթի պետական ռազմավարության առաջնահերթությունները: Ըստ փոխնախարարի՝ էապես ընդլայնվել են հատկացումները մշակույթի ոլորտում: 2024-2026 թթ. բյուջետային հայտում և միջնաժամկետ ծախսային ծրագրում նա առանձնացրել է 2 հիմնական բաղադրիչ՝ միջազգային համագործակցության ընդլայնման և մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղություններով: «21-րդ դարում խոսել մշակութային կյանքի ակտիվացման և մշակութային քաղաքականության մասին, առանց միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության և ճանաչելի դարձնելու, անհնար է պատկերացնել: Շատ կարևոր է նաև մշակութային գործունեությունը չկենտրոնացնել մայրաքաղաքում, այլ տարածել և հասանելի դարձնել նաև մարզերում՝ տարբեր ծրագրերի ու հստակ քաղաքականության միջոցով»,- ասել է Արա Խզմալյանը: Այս առումով առաջիկա անելիքներից նա ընդգծել է, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ նախատեսվում է հրատարակել անգլերեն պատկերագիրք՝ նվիրված կոմպոզիտորի գործունեությանը: Մարզերում մշակութային կյանքի գործունեությունն ապահովելու տեսանկյունից պետական քաղաքականությամբ նախանշված է մշակութային տները հանրային կյանք վերադարձնելն ու դրանք կենսունակ դարձնելը՝ նաև մայրաքաղաքի գեղարվեստական մշակույթի արդյունքը մշակույթի տներում ներկայացնելով: Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթամշակութային գործունեության՝ նախորդ տարվա արդյունքները. 2022 թ. շուրջ 20.000 աշակերտներ մասնակցել են տարբեր նախագծերի՝«Դասարվեստ», Դասարան+դասական», «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր» և այլն: Այս տարվա համար հատկացումներն ավելացել են: Քննարկման մասնակիցները վերահաստատել են մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված քաղաքականության առաջնահերթությունը՝ շեշտադրելով ուշադրության կենտրոնացումը երաժշտական և արվեստի դպրոցներին: Նախատեսվում է համերգաշարերի կազմակերպում՝ նախանշելու տաղանդավոր երեխաների կարիերայի ճանապարհը՝ պետական ուշադրության տակ պահելով նրանց զարգացման ընթացքը: Արա Խզմալյանն ընդգծել է, որ սահմանված կարգով կարիքների գնահատումից հետո ընդլայնվել է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման բյուջեն: Կարևորվել է գործիքների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ձևավորման մշակույթը: Տեղեկացվել է, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը պետական աջակցությամբ շուտով կունենա երգեհոն, ինչն աննախադեպ ձեռքբերում է երաժշտական միջավայրի համար: Քննարկմանն անդրադարձ է եղել 2024 թ. նախատեսվող 2 մեծ միջոցառման՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին: «Հայ-ֆրանսիական և հայ-վրացական համատեղ հայտ ենք ներկայացրել 2 մեծանուն հայերին ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ այս համատեքստում ևս ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը ճանաչելիության բարձրացման տեսանկյունից: Այս առումով հիշատակվել է նաև հայ մշակույթը օտարալեզու գրականությամբ հանրահռչակելու քաղաքականությունը, որը պարբերական բնույթ է կրելու: Ներկայացվել է նաև մշակութային ենթակառուցվածքների՝ համերգային և թատերական հաստատությունների բարելավմանն ուղղված գործունեությունը, ընդգծվել դրա կարևորությունը՝ հանդիսատեսին նորովի ներկայանալու և ավելի գրավիչ պայմաններ ունենալու տեսանկյունից: «Ապահովելով ստեղծագործելու բարենպաստ պայմաններ՝ մեծացրել ենք մշակութային հաստատությունների տնօրեններին ուղղված պահանջները»,- ասել է Արա Խզմալյանը: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը ներդրել է ֆինանսավորման նոր մոդել, համաձայն որի՝ տվյալ մշակութային կառույցը, սեփական ջանքերով մեծացնելով եկամուտները, հնարավորություն է ունենում պետությունից ստանալու նույնչափ հատկացում: Կողմերն ընդգծել են նաև մշակութային օջախներում ներառականության ապահովման կարևորությունը ոչ միայն ֆիզիկական, այլև բովանդակային հասանելիության առումով: Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը Տեղի է ունեցել քննարկում նաև սպորտի ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ: Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ ծրագիրը ներառում է մասսայական սպորտի և մեծ նվաճումների սպորտի ենթաոլորտները, իսկ Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Կառավարությունը խրախուսում է նաև մարզական բարձր արդյունքները միջազգային մրցասպարեզներում, աջակցում է մարզական ֆեդերացիաների գործունեությանը:  Մեծ նվաճումների սպորտի ոլորտում, մասնավորապես, աջակցություն է տրամադրվում հայ մարզիկներին՝ պատշաճ պատրաստվելու և մասնակցելու հեղինակավոր մրցաշարերին, այդ թվում՝ պարալիմպիկ, առանձին մարզաձևերի զարգացմանը, խրախուսվում են նվաճումներ արձանագրած մարզիկները և ոլորտի աշխատակիցները։ Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն առաջարկել է քննարկել ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ֆինանսական աջակցության տրամադրումը բյուջետային հայտում ներառելու հարցը, ինչպես նաև որոշ հարցեր քննարկել մարզագույքի և մարզահագուստի հատկացումների վերաբերյալ: 2022 թվականին  ամբողջովին վերանայվել են մասսայական սպորտի միջոցառումները և հաստատվել են «Վարչապետի գավաթ» անվանակարգի տակ սիրողական խճուղավազքի(կրոսավազքի), սեղանի թենիսի, խճուղային հեծանվավազքի, լողի մրցաշարեր, այլ մասսայական միջոցառումներ, աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար, Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովման միջոցառումներ: 2023-2025 թվականներին ծրագրում ընդգրկված միջոցառումները փոփոխվում են՝ կախված միջազգային մրցաշարերի ժամանակացույցից: Հավելյալ միջոցներ են նախատեսվել  ադապտիվ սպորտին:  
17:57 - 30 մարտի, 2023
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 29 օր. հետհաշվարկը սկսված է

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 29 օր. հետհաշվարկը սկսված է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը: «Այսօր մեր ծրագրի կարևոր օրերից է. սեղմում ենք այն կոճակը, որը տալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկի մեկնարկը: Վստահ եմ՝ առաջիկա 1.5 ամսվա ընթացքում քաղաքի այս հատվածը կդառնա երևանցիների սիրելի վայրերից: Մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը դարձել է առաջնության խորհրդանիշը և այստեղ ներկայացվում է որպես ծանրորդ»,- իր խոսքում նշել է ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախագահ Արայիկ Հարությունյանը: Կարապի լճի հարևանությամբ գործելու է նաև ֆան գոտի՝ իր շուրջը համախմբելով երկրպագուներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Կարեն Գիլոյանը կազմակերպիչներին խնդրել է առաջնության հետհաշվարկի ավարտից  հետո Հյուսիսային պողոտայում տեղադրված ցուցատախտակին պատկերել հայ մարզիկների՝ Եվրոպայի առաջնության ընթացքում նվաճած մեդալներն այդ պահի դրությամբ: «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի, երկրպագուներն էլ մշտապես տեղեկացված կլինեն, թե մենք քանի մեդալ ենք նվաճել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն այս պահին ունի տղամարդկանց և կանանց ուժեղ հավաքականներ՝ վստահ եմ, որ մեդալների պակաս չենք ունենա, իսկ այս ցուցատախտակին պատկերվելիք թվերը բոլորիս բաղձալի պահեր կպարգևեն»,- ասել է Կարեն Գիլոյանը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև առաջնության նախապատրաստական աշխատանքներին. «Մրցաշարի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են, և լիարժեք տեղավորվում ենք ժամանակացույցում: Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն: Կազմակերպիչները բացման ներկայանալի արարողություն են խոստանում: Մարզահամերգային համալիրը ժամանակին կառուցվել է նաև ծանրամարտի աշխարհի առաջնություն ընդունելու նպատակով, սակայն 1983 թվականին, երբ համալիրը բացվեց, ինչ-ինչ պատճառներով առաջնությունը Երևանից տեղափոխվեց Մոսկվա: 40 տարի անց մեր երկրի մայրաքաղաքը վերջապես ստացավ այդ հնարավորությունը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջնությունն անցկացնենք ամենաբարձր մակարդակում: Բռնցքամարտի ԵԱ-ից հետո տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ տարբեր մրցաշարերի ժամանակ մոտենում ու ասում էին՝ այդ ինչ առաջնություն եք անցկացրել, որ բոլորն այդ մասին են խոսում: Վստահ եմ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո անկախ մարզաձևից բոլորն այս մրցաշարի մասին խոսելու են»: Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը: «Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը: Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:  
16:24 - 17 մարտի, 2023
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում |armenpress.am|

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում |armenpress.am|

armenpress.am: Մարմնամարզության Եվրոպայի 2027 թավականի առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝ 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ նվաճում է համարում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումը: «Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Նախաձեռնությունը պատկանում է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահին: Կառավարության, ֆեդերացիայի կողմից ամեն ինչ արվեց, որ այս հաջողությանը հասնենք: Սա շատ կարևոր իրադարձություն է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ ձևերից մեկն է: Պետք է միայն տեմպը պահել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս վստահեցրեց, որ մինչև 2027 թվականը արդեն պատրաստ կլինի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, իսկ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում: «Ամենակարևորներից մեկն այն է, որ վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը»,-ասաց նա: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:
16:42 - 28 հունվարի, 2023
Տեղի է ունեցել շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությունը

Տեղի է ունեցել շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։   «Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։   «Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է։ Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ և Հայաստանի առաջնությունն անցնում է այսքան լարված պայքարում։ Շնորհավորում եմ չեմպիոններին և բոլոր մրցանակակիրներին։ Մաղթում եմ, որ այս հաջողությունը շարունակեք զարգացնել նաև միջազգային մրզասպարեզում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ պարգևատրելով կանանց 78-րդ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։   Կանանց առաջնությունում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չեմպիոնի կոչումը նվաճել է՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 6.5 միավորով, իսկ լավագույն եռյակը 5,5 միավորով եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը:   Տղամարդկանմց 83-րդ առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։   «Առաջնությունը շատ հետաքրքիր ու լարված ընթացք ունեցավ․ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու։ Շնորհավորում եմ բոլորիս առաջնության կայացման առթիվ։ Հայաստանի առաջնությունում հաղթանակն իսկապես կարևոր նվաճում է։ Ուրախ եմ, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի առաջնության հանդեպ։ Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ մեր մարզաձևի հանդեպ ունեցած հետաքրքրության և աջակցության համար»,- նշել է Սմբատ Լպուտյանը։   Տղամարդկանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին, ինչի շնորհիվ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 6.5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը՝ 6 միավորով: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը», - նշված է հաղորդագրության մեջ:
19:54 - 22 հունվարի, 2023
ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. Կարեն Գիլոյանը Թաթարստանի սպորտի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. Կարեն Գիլոյանը Թաթարստանի սպորտի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին: Կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. hետևողական ջանքեր են գործադրվում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ անցկացնելով «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող միջոցառումներ խճուղավազք, դպրոցականների թիմային խճուղավազք, հեծանվավազք, լող և սեղանի թենիս մարզաձևերում: Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի խոսքով՝ իրենք ևս կարևորում են մասսայական սպորտի զարգացումն ու այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնց շրջանակում ևս կարելի է դիտարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը: Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարարը նշել է, որ համագործակցության հնարավորություններ կան նաև ջրացատկ մարզաձևում. «Մենք ջրացատկի շատ ուժեղ կենտրոն ունենք, համագործակցում ենք միջազգային ֆեդերացիայի հետ, իսկ հայ մարզիկներից մեկն արդեն իսկ ուսանում և մարզվում է մեզ մոտ: Այսինքն՝ այս մարզաձևում համագործակցության սկիզբն արդեն դրված է, թեև համատեղ ծրագրերի իրականացման ավելի մեծ ներուժ կա»: Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության հնարավորությունը, մասնավորապես Թաթարստանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր՝ կապված ուսանողների փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլնի հետ: Մատնանշվել է Հայաստանում հատկապես սպորտային մենեջմենթը զարգացնելու կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
16:24 - 25 հուլիսի, 2022
Հովհաննես Բաչկովը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչման է արժանացել. կոչումներ են շնորհվել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Հովհաննես Բաչկովը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչման է արժանացել. կոչումներ են շնորհվել մարզաշխարհի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Վստահ եմ՝ այսօր ձեզ համար շատ նվիրական օր է, քանի որ ձեր կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար ստանում եք մարզական կոչումներ: Պատվով կրե՛ք այն, բայց մի՛ մոռացեք, որ պետք է անպայման հասնել Սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը: Դրա համար պետք է շատ աշխատել և լավ արդյունքներ գրանցել: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացել է բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: «Բաչկովը դեռ շատ լուրջ ասելիք ունի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական սպորտում: Հուսամ՝ նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսը կունենա»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հույս հայտնել, որ Բաչկովի օրինակը վարակիչ կլինի երիտասարդ մարզիկների համար, ու տարիներ անց նրանք ևս կկարողանան արժանանալ այդ պատվավոր կոչմանը: ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ մարզական կոչմանն արժանացել են սամբիստ Գրիգոր Բեկնազարյանը, հրաձիգներ Արուսյակ Գրիգորյանն ու Գոհար Հարությունյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռազմիկ Միսակյանը և Արթուր Զաքարյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արման Դարչինյանը: Սպորտի վարպետի մարզական կոչմանն էլ արժանացել են Մանե Պողոսյանը (սպորտային մարմնամարզություն), Աննա Մանթաշյանը (սպորտային մարմնամարզություն), Մարինա Գալստյանը (սեղանի թենիս), Մարիա Խաչատրյանը (սեղանի թենիս), Ռաֆիկ Հովհաննիսյանը (սեղանի թենիս), Գարեգին Գրիգորյանը (պաուերլիֆտինգ), Վահե Բուդաղյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Մարտիրոսյանը (պաուերլիֆտինգ), Ջիվան Հովհաննիսյանը (պաուերլիֆտինգ), Արմեն Խաչատրյանը (լող), Գագիկ Հայրապետյանը (լող), Ալեքսանդրա Ավագյանը (լող), Արթուր Շախպազյանը (բռնցքամարտ), Հակոբ Ուզունյանը (ֆուտզալ), Սարո Գալստյանը (ֆուտզալ), Գարեգին Մաշումյանը (ֆուտզալ), Համլետ Ադամյանը (բռնցքամարտ), Վլադիմիր Հարոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Գևորգ Թադևոսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Միքայել Միքայելյանը (դահուկային սպորտ), Թադևոս Պողոսյանը (դահուկային սպորտ), Տիգրան Մանուկյանը (հրաձգություն), Անդրանիկ Ավետիսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սերգեյ Սարգսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Նարեկ Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ) և Մանվել Խնձրցյանը (ազատ ոճի ըմբշամարտ):
17:49 - 18 հուլիսի, 2022
Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանի, վստահություն է հայտնել, որ նոր պայմաններն ավելի եռանդով աշխատելու կմղեն։ «Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրու՝ մեծ ավանդույթներ ունեցող համալիր մանկապատանեկան մարզադպրոցը չուներ մշտական տարածք. մարզվում էին, մեղմ ասած, անմխիթար մարզադահլիճներում։ Վստահ եմ՝ նոր պայմանները կդրդեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակամղված և խանդավառ, իսկ մոտ ապագայում մեկս մյուսին կշնորհավորենք նոր մասնաշենքում մարզված և արդեն կայացած մարզիկների մեծ հաղթանակների կապակցությամբ»,- ասել է նախարարը։ Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին և չնայած անբարենպաստ պայմաններին՝ աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել։ Նախկինում գիշերօթիկ դպրոց հանդիսացող այս շենքը ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցին։ Մարզադպրոցի՝ ուսումնամարզական գծով փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով՝ արդեն կահավորվել են մարզադահլիճը, բռնցքամարտի, ձյուդոյի դահլիճները։ «Ունենք նաև մարզասրահ, աշխատասենյակներ։ Դասասենյակների միավորման պարագայում կարելի է ստանալ մարզադահլիճներ, որտեղ մեր 700-ից ավելի սաներն ավելի արդյունավետ մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան»,- վստահեցրել է նա։ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունն իր վերաֆինանսավորմամբ այս տարի ամբողջովին կնորոգի մարզադպրոցի տանիքը, իսկ հաջորդ տարվա գարնանն արդեն ձեռնամուխ կլինեն դասարանների վերափոխմանը մարզադահլիճների․ «Մենք մի քանի մարզաձևեր կունենանք այստեղ, իսկ մարզադպրոցը կհագեցնենք ամենաժամանակակից և բարձրակարգ գույքով։ Սա դեռ սկիզբն է։ Գյումրին մեծ ավանդույթների քաղաք է։ Երկրորդ համալիր մարզադպրոցն էլ այդ ավանդույթների մի մասի կրողն է։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որ այս դպրոցն այսուհետ կարողանա աշխատել առանց խնդրի ու հետագայում էլ տա այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք»։
11:59 - 25 հունիսի, 2022
Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սևանա լճի թերակղզում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Մրցաշարն անցկացվել է այսօր Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ): Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: Պիտի ասեմ, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Իհարկե, սկզբնական շրջանում որոշակի տեղաշարժեր կլինեն, մինչև մրցաշարերը տեղավորվեն ավելի հաստատուն տրամաբանությամբ: Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որպեսզի մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ, և մեծ հաշվով կարողանանք նաև մասսայականացնել սպորտը: Նաև պիտի հույս ունենանք, որ սա պիտի նպաստի՝ ոչ միայն մրցաշարերի առիթով մարդիկ հեծանիվ վարեն, այլև առօրյա կյանքում: Ժամանակակից աշխարհում՝ ընդհանրապես, խցանումների պայմաններում՝ մասնավորապես, հեծանիվը, իհարկե, կարող է հետաքրքիր, օգտակար, առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակներից մեկը հենց դա է՝ խթանել առողջ ապրելակերպը, խթանել ֆիզկուլտուրան, խթանել սպորտը: Շատ ուրախ եմ, որ մրցաշարերը նաև իրենց ավանդական տեղն են գտնում. խճուղային հեծանվավազքի անցկացման վայրը Սևանն է, դպրոցական վազքի թիմային տեղն արդեն որոշել ենք, որ կլինի Պարզ լիճը, նաև սեղանի թենիսի մրցաշար ունենք, որը մշտական տեղ չունի, բայց նաև հընթացս կորոշենք: Նախնական՝ առաջինը տեղի է ունեցել Չարենցավանում, վազքինը՝ Էջմիածնում: Սա նաև հանրապետությունում որոշակի մրցաշարային աշխարհագրություն ապահովելու նպատակ ունի»: Վարչապետը նաև խոսել է այն մասին, որ այս մրցաշարի ընթացքում տարեց մասնակցի համար նախատեսված մրցանակը ստացել է երիտասարդ մասնակիցը, որի պատճառը տարեցների պասիվ մասնակցությունն է եղել, և ընդգծել, որ լրացուցիչ խթան կմտածեն, որպեսզի տարեցների մասնակցությունն ավելի ակտիվ լինի:  Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել մրցաշարի մշտական գործընկերներին, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին. «Մրցավարները շատ կարևոր են: Մեր մրցութային ամենակարևոր պայմաններից և ցանկություններից մեկն այն է, որ մրցումները տեղի ունենան կատարյալ արդարության պայմաններում, և որևէ կասկած չլինի, որ իսկապես հաղթել են ուժեղագույնները»: Վարչապետն ուրախությամբ ընդգծել է, որ կան կրկնակի մրցանակակիրներ, կա նաև մրցանակակիր, որը երեք մրցանակ է ստացել՝ երկուսը՝ հեծանվավազքից, մեկը՝ վազքից, և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի այն մարդկանց, ովքեր նախկինում առիթ չեն ունեցել մասնակցելու այս մրցաշարերին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կազմակերպիչները պետք է ամեն բան անեն՝  մրցաշարերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու բոլոր պոտենցիալ մասնակիցներին և քաջալերեն, որպեսզի ամեն տարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ լինեն: Երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600.000, 3-րդ տեղը՝ 400.000, 4-րդ տեղը՝ 150.000, 5-րդ տեղը՝ 100.000, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական և 11-20-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Այս մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում ենթարկվել են դոպինգ-ստուգման»:
19:16 - 28 մայիսի, 2022