armenpress.am: Երևանի ավագանին ընդունեց 2024 թվականի քաղաքային բյուջեն հաստատելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:
«Երևան քաղաքի 2024թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 124 մլրդ 639 մլն դրամ: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 61 մլրդ 514 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրված դոտացիաների գծով նախատեսվել է 14 մլրդ 136 մլն դրամ, այսինքն` 2023 թ. հաստատված ցուցանիշից 706 մլն դրամով ավելի: Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծի ծախսային մասը ծրագրվել է 124 մլրդ 917 մլն դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի 85.5 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին»,-նշեց Արևշատյանը:
Երևանի հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի կայարանի կառուցման համար 4 մլրդ դրամ հատկացնել, իսկ ենթակառուցվածքների նորոգման համար` 879 մլն դրամ:
Գումարներ են հատկացվելու նաև հանգստի գոտիների, զբոսայգիների ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, թեքահարթակների կառուցման, նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման և մի շարք այլ նախագծերի իրականացման համար:
comment.count (0)