Կարևորում ենք Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում․ ՀՀ արտգործնախարար
 |armenpress.am|
17:50 - 27 դեկտեմբերի, 2023

Կարևորում ենք Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում․ ՀՀ արտգործնախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայաստանյան այցը կարելի է համարել երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար շատ լավ հնարավորություն։

Նման տեսակետ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ գոհունակությամբ արձանագրելով համատեղ աշխատանքի ձեռքբերումները։

«Այցի ընթացքում հնարավորություն եղավ նաև նախանշել այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք արդեն 2024 թվականին։ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները և բարձրաստիճան նման այցերը հենց այդպիսի հարաբերությունների ընկալման դրսևորում են։ Այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձել ենք երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ։ Իհարկե բոլոր նշված ոլորտերը մեզ համար շատ կարևոր են, բայց մենք վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ավելացնելը՝ սկզբում մեկ, ապաև տարեկան երեք միլիարդ դոլարի չափով՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասաց Միզոյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում կարևոր ձեռքբերում էր «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։ Հայկական կողմը լիահույս է, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կլինի և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը։ Միրզոյանը կարևորեց նաև երկու երկրների միջկառավարական հարթակի գործունեությունը, որի 18-րդ նիստը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Անդրադառնալով ենթակառուցվածքային նշանակություն ունեցող թեմաներին՝ Միրզոյանն ընդգծեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը։

«ՀՀ տնտեսական կյանքում իրանական ընկերությունների մասնակցության առումով կարևորություն ենք հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավմանը, ինչն արդեն ազդարարվեց ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ ԻԻՀ ճանապարհների և տրանսպորտի նախարարի հայաստանյան այցի ընթացքում։ Այս ծրագրերի կարևորությունը չի սահմանափակվում միայն երկկողմ հարաբերություններով։ Այս համատեքստում նախարար Աբդոլլահիանի հետ քննարկել ենք նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու զարգացումն է՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ հավասարության սկզբունքները։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են և այս առումով կարևորում ենք ԻԻՀ-ի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում, ինչը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի կողմից»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։

Նա տեղեկացրեց, որ գործընկերոջն ու իրանական պատվիրակությանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին առնչվող տեղեկատվությունը։ Հայկական կողմը գնահատում է գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ մեր տարածաշրջանում տևական, կայուն խաղաղություն ունենալու նպատակով։ Իրանի արտգործնախարարին ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հարձակումներն ու մարդկանց բռնի տեղահանությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերը՝ ավելի քան հարյուր հազար փախստականներին պատշաճ ընդունելու և առաջնային կարիքները հոգալու ուղղությամբ։ 

«Կուզենայի առանձնացնել նաև հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յուրօրինակ դերը՝ որպես երկկողմ ու բազմակողմ երկխոսության, համագործակցության հարթակ, որի վերջին հանդիպումը տեղի ունեցավ օրեր առաջ Թեհրանում։ Այժմ քննարկում ենք հաջորդ հանդիպումը Երևանում կազմակերպելու հնարավորությունը։ Այդուհանդերձ մեր հարաբերությունները չեն սահմանափակվում երկկողմ ձևաչափով, համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում։ Վերահաստատում եմ ՀՀ կառավարության քաղաքական կամքն ու պատրաստակամությունը՝ հաստատակամորեն խորացնել ջերմ հարաբերություններն ու բարիդրացիական կապերը ԻԻՀ-ի հետ»,- եզրափակեց Միրզոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել